Սարսափած եմ Թուրքիայի միակողմանի դիրքորոշմամբ. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խստիվ դատապարտել է Արցախում սանձազերծված պատերազմը:

«Խորհրդի գլխավոր քարտուղար վերապատվելի դոկտոր Իոան Սաուկան հայտնում է իր խոր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի գոտում վերսկսված հակամարտության խորացման առնչությամբ, որը, ըստ տեղեկությունների, տեղի է ունեցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակումից հետո»,- նշված է խոշորագույն միջեկեցեական կազմակերպության հայտարարության մեջ: 

Կառույցը կողմերին հորդորել է անհապաղ դադարեցնել մարտերը և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում մինչև հիմա անցկացված բանակցությունների ձևաչափին՝ գտնելու հակամարտության տևական և խաղաղ կարգավորման ուղիները: 

«Ես սարսափած եմ Թուրքիայի կառավարության միակողմանի դիրքորոշմամբ, երկիր, որը, որպես Մինսկի խմբի անդամ, պետք է պահպաներ չեզոք դիրք, այլ ոչ թե թշնամական»,- ասել է Սաուկան: Նա դիմել է եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ այն եկեղեցիներին, որոնց կառավարություններն անդամակցում են Մինսկի խմբին, որպեսզի հոգևոր կառույցները դիմեն իշխանություններին՝ ձեռնարկելու տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:

Ուղերձի վերջում Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մեջբերել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հայտարարությունները, որոնցով հայ եկեղեցու հովվապետերը հայ ժողովրդին կոչ էին անում միաբանվել և ջանք չխնայել հայրենիքին օգնելու համար:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդին Հայաստանից անդամակցում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ ի դեմս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:

--00—ԼՄ