Խոշոր առևտուր. Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան. «Al Arabiya»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

զենք

«Al Arabiya»-ն, հղում անելով պաշտոնական և հետախուզական աղբյուրներին, հայտնում է, որ Իսրայելն Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին տարիների ընթացքում ամենալարված բախման ֆոնին զենք է ուղարկում Բաքու:

Ըստ աղբյուրի՝ Իսրայելն Ադրբեջանի զենքի գլխավոր մատակարարներից մեկն է, չնայած Հայաստանն այցած ամիս է պաշտոնապես դեսպանատուն բացել Թել Ավիվում:

«Իսրայելն ու Ադրբեջանը խոշոր առևտուր են անում նավթի և զենքի ոլորտներում: Անցած հանգստյան օրերի ընթացքում ԱՄՆ հետախուզության աղբյուրն Al Arabiya-ին հայտնել է, որ Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան»,-գրում է պարբերականը, ապա, հղում անելով իր աղբյուրին, գրում. «Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանին. այսօր Իսրայելից բեռ տեղափոխող երկու ինքնաթիռ արդեն վայրէջք է կատարել Բաքվում»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները։ Մարտերը շարունակվում են:

--00—ԼՄ