ՀՀ-ն եղել է և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը. պաշտպանելու ենք. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

զոհրաբ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Սքայ Նյուզ Արաբիային»: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.

-Սքայ Նյուզ Արաբիա. Առաջին հերթին կցանկանայի հարցնել՝ որո՞նք են այն նախապայմանները, որոնց հիման վրա Հայաստանը կգնա բանակցությունների:

-Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը չունի որևէ նախապայման: Հայաստանը հաստատապես հանձնառու է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Ադրբեջանական կողմը սպառնում էր ուժի կիրառմամբ, և այժմ նրանք ուժ են կիրառում` ձգտելով հակամարտության ռազմական լուծմանը և Արցախից ու Հայաստանից ակնկալելով միակողմանի զիջումներ, ինչը բացառված է: Մենք հաստատակամորեն հանձնառու ենք խաղաղ կարգավորմանը: Միաժամանակ մենք ունենք անկոտրում կամք և վստահություն մեր կարողությունների վրա՝ պաշտպանելու մեր հողը, պաշտպանելու մեր ժողովրդին, պաշտպանելու Արցախի և Հայաստանի անվտանգությունը: Արցախի հայ բնակչությունը շատ վճռական է իրեն պաշտպանելու հարցում: Եվ Հայաստանը եղել է և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը: Մենք պաշտպանելու ենք: Խաղաղությունն այլընտրանք չունի: Ադրբեջանը պետք է դադարեցնի իր ռազմական ագրեսիան` ուղղված Արցախի բնակչության դեմ, պետք է գա ողջամտության դաշտ և ներգրավվի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններում:

-Սքայ Նյուզ Արաբիա. Ինչպե՞ս եք գնահատում այս հակամարտությունում Թուրքիայի միջամտությանը և նմանօրինակ համակարտությունների կարգավորման համար որոշ մարդկանց ներգրավելը:

-Զոհրաբ Մնացականյան. Թուրքիան այս ամբողջ իրավիճակում ապակայունացնող ուժ է: Նրանք իրենց ողջ ագրեսիվ քաղաքականությամբ լարվածություն են հրահրում Հարավային Կովկասում: Նրանք միակողմանիորեն աջակցում են Ադրբեջանին` տեղափոխելով սպառազինություն, տեղափոխելով ահաբեկիչներ, որոնք հավաքագրվել են Սիրիայի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից և Լիբիայից: Մենք ունենք բացարձակ հավաստի տեղեկություններ և փաստեր վերջինիս վերաբերյալ: Նրանք տեղափոխվել են Ադրբեջան: Նրանք այսօր կռվում են մեր ժողովրդի դեմ: Նրանց սարքավորումները և ավիացիան օդում են, նրանք` ռազմի դաշտում: Նրանք օգտագործվում են մեր մարդկանց դեմ: Թուրքիան այս հակամարտության ապակայունացնող կողմն է: Նրանք այս նույն քաղաքականությունն են վարել Արևելյան Միջերկրականում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում: Այժմ Թուրքիան նույն քաղաքականությունն արտահանում է Հարավային Կովկաս: Այդ քաղաքականությունը կտրականապես մերժված է. նրանք այստեղ անելիք չունեն:

-Սքայ Նյուզ Արաբիա. Այս միջամտության վերաբերյալ տեղեկություններ ստանալուց հետո արդյոք ինչ միջոցառումներ եք ձեռնարկել, օրինակ՝ միջազգային հարթակում, հատկապես ՄԱԿ-ում:

-Զոհրաբ Մնացականյան. Մենք աշխատում ենք խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը բաղկացած է Ֆրանսիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Մենք սերտորեն աշխատում ենք մեր գործընկերների հետ` իրավիճակը հանդարտեցնելու, լարվածությունը թուլացնելու և բանակցություններին վերադառնալու ուղղությամբ: Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն շատ ակտիվ աշխատում են, և ես կարծում եմ, որ ականատես ենք լինում միջազգային հանրության շատ լավ համախմբման՝ ի թիվս այլոց՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի Դաշնության, որը մերժում է Թուրքիայի՝ ապակայունացնող դերը տարածաշրջանում: Մենք շարունակելու ենք սերտ համագործակցությունը մեր բոլոր գործընկերների հետ` լարվածությունը թուլացնելու և արտատարածաշրջանային դերակատարներին դուրս մղելու ու նրանց ձեռնարկած ապակայունացնող գործողությունները դադարեցնելու ուղղությամբ:

-Սքայ Նյուզ Արաբիա. Հայաստանը հրաժարվեց Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններից: Այս պահին ո՞րն է Ձեզ համար ամենամոտ կամ ամենալավ միջնորդությունը բանակցությունների համար:

-Զոհրաբ Մնացականյան. Կարծում եմ, որ դուք լավ տեղեկացված չեք այս ամենից, որովհետև Հայաստանը երբեք չի մերժել բանակցային գործընթացը: Ես պետք է կրկնեմ, որ բանակցությունները ընթանում են միջազգայնորեն հաստատված ձևաչափի շրջանակներում, որը բաղկացած է երեք երկրներից` Ռուսաստանից, Ֆրանսիայից և Միացյալ Նահանգներից: Եվ մենք աշխատում ենք միջազգայնորեն համաձայնեցված այս ձևաչափի շրջանակներում: Մենք հանձնառու ենք դրան և կշարունակենք դա: Ոչ ոք չի կարող ասել, որ Հայաստանը մերժում է բանակցությունները: Ճիշտ հակառակը: Մենք այժմ ականատես ենք լինում Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշմանը և ուժի կիրառմանը, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Պաշտպանվելու մեր վճռականությամբ մենք մերժում ենք լուծման ռազմական տարբերակը: Այս հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով:

--00—ԼՄ