ԱՄՆ կոնգրեսականները նամակ են գրել Պոմպեոյին՝ կոչ անելով նպաստել ԼՂ-ում իրավիճակի լուծմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ամնկոնգ

ԱՄՆ մի քանի տասնյակ հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականներ նամակ են ուղղել պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ կոչ անելով կոնկրետ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարվածությունը թուլացնելու համար: Նամակը ստորագել է 49 օրենսդիր, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:  

«Խնդրում ենք, որպեսզի վարչակազմը լարվածությունը նվազեցնելու, ռազմական գործողությունները դադարեցնելու և Ադրբեջանին հետագա հարձակողական գործողություններից հետ պահելու համար օգտագործի բոլոր դիվանագիտական գործիքները»,- նշվում է նամակում: 

Նամակի հեղինակները ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ են անում դատապարտել Ադրբեջանի անհիմն ագրեսիան և հասկացնել, որ եթե զսպվածություն չցուցաբերի, ապա ԱՄՆ-ի կողմից նրան օգնության շարունակական տրամադրումը կասկածի տակ կդրվի:

«Այս գործողությունները նախագահ Ալիևի և նրա ռեժիմի ավելի ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են Արցախի և Հայաստանի նկատմամբ: Դրանց շարունակական և համակարգված բնույթը հստակ ցույց է տալիս, որ այս հարձակումը որակապես տարբերվում է դիպուկահարների կրակի և հրետանային ռմբակոծությունների կիրառմամբ նախորդ բախումներից: Երևում է, որ սա ծրագրված ռազմական գործողություն է»,- նշել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները, ապա նաև մտահոգիչ համարել այն փաստը, որ Ադրբեջանը Թուրքիայից նյութական օգնություն ու աջակցություն է ստանում:

«Թուրքիայի ներգրավվածությունը մեծացնում է երկարատև տարածաշրջանային հակամարտության ռիսկը, որը կդառնա մարդասիրական աղետ և կխաթարի ԱՄՆ ազգային անվտանգության կարևոր առաջնահերթությունները...

Ռազմական գործողությունների այս նոր շրջանը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասար վերաբերմունք ցուցաբերող ամերիկյան քաղաքականության տապալման ևս մի ապացույց է: Շատ երկար են ԱՄՆ-ն և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամները կեղծ հավասարության նշան դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ չնայած նրան, որ վերջինս անընդհանտ սպառնում է պատերազմով և հրաժարվում է շփման գծի երկայնքով մոնիթորինգի սահմանումից: Վերջին տարիներին ԱՄՆ-ն տասնյակ միլիոնավոր դոլարների ռազմական օգնություն է տրամադրել Ադրբեջանին՝ ակնհայտորեն չկարողանալով կամ չցանկանալով Ալիևի կառավարությանը ստիպել հրաժարվել հարձակողական ռազմական գործողություններից կամ մարդու իրավունքների կոպիտ խախտումներից: Այս քաղաքականությունը ձախողված է, և մենք պետք է այլ ուղի գտնենք»,- նամակում նշում են օրենսդիրները:

--00—ԼՄ