Միչիգանը ճանաչեց Արցախի Հանրապետությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Միչիգան

Միչիգանը դարձավ ԱՄՆ 8-րդ նահանգը, որ ճանաչեց անկախ Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ): Ժողովը, որ մեկնարկել էր սեպտեմբերի 29-ին, քվեարկությամբ ընդունել է ԱՀ-ն ճանաչելու մասին բանաձևը և կոչ արել ԱՄՆ-ին տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի Հանրապետության հետ՝ աջակցելով Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը. Այս մասին հայտնում է Armtimes.com-ը՝ հղում անելով Միչիգանի Հայ Դատի հանձնախմբի կայքին (ANC-MI):

«Արցախի անկախության համար Միչիգանի Սենատի այս քվեարկությունը նշանն է ամերիկյան ժողովրդավարական արժեքների, ինքնորոշմանը մեր կայուն հավատարմության և մեծ հարված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այս խաղաղ հանրապետության դեմ շարունակվող ագրեսիայի»,- ասել է Միչիգանի Հայ ազգային կոմիտեի նախագահ Լարա Ներսեսյանը՝ նշելով, որ հայերը տարբեր նահանգներում մեծապես շնորհակալ են սենատոր Քնեզեկին և այն նահանգային սենատորներին, որ սատարել են Արցախի ժողովրդին՝ բերելով այս օրինագիծը:

«Արցախի պատմությունը շատ ամերիկյան պատմություն է՝ ազատության, ինքնորոշման, ժողովրդավարության և խաղաղության պատմություն»,- ասել է սենատոր Դեյվիդ Քնեզեկը: «Միչիգանցիները հպարտ են, որ միանում են Արցախին՝ ողջունելու այս ընդհանուր արժեքները, քանի որ մենք աշխատում ենք ընդլայնել ԱՄՆ-Արցախ մշակութային և տնտեսական կապերը և աջակցել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը»:

Սենատում Արցախի անկախության քննարկումն սկսվել էր սեպտեմբերի 29-ին. նստաշրջանի բացմանը սենատոր Քնեզեկին խոսել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին, խնդիրը հանգամանալից ներկայացրել էր Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը. «Մենք կցանկանայինք շնորհակալություն հայտնել սենատոր Քնեզեկին՝ Արցախին իր ժողովրդավարության ճանապարհին սատարելու և մեր հանրապետությունում բնակվողներին հուզող հարցերը բարձրացնելու համար»,- ասել է Ավետիսյանը:

«Մենք երախտապարտ ենք Միչիգանի ՀԱԿ-ին` Արցախի անվտանգությունը պաշտպանելու և Արցախի միջազգային ճանաչումը խթանելու գործում նրանց անխոնջ ջանքերի համար: Հուսով ենք, որ Միչիգանի՝ ԱՄՆ ութերորդ նահանգի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը օրինակ կլինի աշխարհի ժողովրդավարական հասարակությունների համար»:

Ավելի վաղ սենատոր Քնեզեկի և Ավետիսյանի հետ միասին ճեպազրույց էին տվել Միչիգանի Հայ ազգային օգնության միության, Համազգային հայ մշակութային և կրթական միության անդամները, Միչիգանի նահանգային Տան 40-րդ շրջանի թեկնածու Մարի Մանուկյանը, Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Կլինտ Կեստոն:

«Ես գալիս եմ մի համայնքից, որը երկար ժամանակ հետապնդվել է իր դավանանքի և էթնիկական պատկանելության համար, - ասել է Կեստոն:-Ես հասկանում եմ հայ համայնքի կարիքներն ու ձգտումները, և ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին`որպես ազատ ազգ նրա ինքնորոշման և ինքնապահպանության ճանապարհին»:

Նիստի ժամանակ նաև կոչ է արվել Միացյալ Նահանգների Նախագահին և Կոնգրեսին ճանաչել Արցախի ազատ և անկախ Հանրապետությունը և «ամրապնդել  նրա հետ տնտեսական և մշակութային համագործակցությունը»: Նշվել է, որ Միչիգանը շարունակում է աջակցել Արցախի ջանքերին «առկա տարածաշրջանային խնդիրների լուծմանը հասնելու և Հարավային Կովկասի ռազմավարական կարևոր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ»:

Այսպիսով, Միչիգանը միացել է Մասաչուսեթսին, Ռոդ Այլենդին, Մեյնին, Լուիզիանային, Կալիֆոռնիային, Ջիորջիային և Հավայան կղզիներին՝ Արցախի անկախությունը սատարող օրենսդրություն ընդունելով:

--00--ԱԹ