Արցախում քաղաքացիական անձինք կրում են բռնության ալիքի հետևանքների ողջ ծանրությունը․ ԿԽՄԿ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News 

ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ուրբաթ օրը հայտնել է, որ Ղարաբաղյան հակամարտության վերջին էսկալացիայի խորացմանը զուգընթաց՝ քաղաքացիական անձինք կրում են բռնության ալիքի հետեւանքների ողջ ծանրությունը։

ԿԽՄԿ տարածած հաղորդագրության մեջ նաև ասվում է.

«Շփման գծի երկու կողմում եւ Հայաստանում հաղորդվել է քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների շրջանում մահերի ու վիրավորումների մասին։

«Մարտական գործողությունների ուժգնացումից ի վեր՝ ԿԽՄԿ-ն անհետաձգելի բուժօգնության պարագաներ է տրամադրել Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներին եւ դիապարկեր՝ դատաբժշկական փորձաքննության բյուրոյին։ Այժմ փորձում ենք գնահատել առողջապահական եւ մարդասիրական այլ կարիքները, այդ թվում՝ իրենց տները լքած անձանց իրավիճակը։ Դաշտային այցելություններ կատարելու մեր կարողությունը սահմանափակ է մարտարական գործողությունների ուժգնության ու իրավիճակի անկայունության պատճառով», - ասել է Բերտրան Լամոնը, Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավարը։

«Մենք արդեն ականատես ենք լինում քաղաքացիական անձանց վրա այս էսկալացիայի սարսափելի հետեւանքներին։ ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցել նրանց առաջին իսկ հնարավորության եւ անհրաժեշտության դեպքում։ Մենք նաեւ պատրաստ ենք աջակցելու Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության տեղական մասնաճյուղերին համայնքների հետ իրենց աշխատանքում»,- ասել է Գերարդո Մոլոժնիկը, Ադրբեջանում ԿԽՄԿ Բարդայի գրասենյակի ղեկավարը։

ԿԽՄԿ-ն հաղորդումներ է ստացել ապահով վայր տեղափոխվել ու իրենց ընտանիքներին տեղափոխել ցանկացող մարդկանցից։ Շատ ընտանիքներ, այդ թվում՝ նորածիններ ու փոքրահասակ երեխաներ, օրեր ու գիշերներ են անցկացնում իրենց տների չջեռուցվող նկուղներում՝ փորձելով պատսպարվել բռնությունից։  

Հաղորդվում է նաեւ ծանր հրետակոծման հետեւանքով ոչնչացված հարյուրավոր տների ու քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների եւ հիվանդանոցների մասին, իսկ վնասված տներում մնացած մարդիկ շարունակում են ենթարկվել չպայթած զինամթերքի վտանգներին։ 

Այս նոր զարգացումները կատարվում են ձմռան շեմին, երբ երեխաները ընդամենը մի քանի շաբաթ էին հասցրել դպրոց հաճախել, եւ այն դեպքում, երբ մարդիկ արդեն իսկ փորձում էին պաշտպանվել նոր կորոնավիրուսի համավարակի հետեւանքներից։

«Մարդիկ կապ են պահպանում ԿԽՄԿ-ի հետ․նրանք ահաբեկված են սեփական կյանքին ու իրենց ընտանիքներին սպառնացող վտանգներից ու շփոթված՝ չիմանալով՝ ինչ անել ապահով մնալու համար։ Նրանք հայտնվում են կրակոցների տակ եւ խորապես անհանգստացած են իրենց անվտանգության ու ապագայի համար։ Մենք պատրաստ ենք աջակցելու բոլոր նրանց, ովքեր զգում են այս բռնության էսկալացիայի ազդեցությունը։ Կոչ ենք անում կողմերին՝ խնայելու քաղաքացիական անձանց ու նրանց գոյության համար կենսական ենթակառուցվածքներն ու ծառայությունները եւ հարգելու միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց պարտավորությունները», - նշել է տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների ղեկավար Մարտին Շյուպը։

ԿԽՄԿ-ն ծայրահեղ անհանգստացած է ներկայիս ճգնաժամով եւ բնակչության տեղահանումներով, որոնք կարող են նաեւ հանգեցնել նոր կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճին՝ հաշվի առնելով, որ մարդիկ ստիպված են ժամեր անցկացնել բավարար պայմաններ չունեցող ապաստարաններում եւ կոմունալ շինություններում։ 

Ավելին՝ ուժգնացած մարտական գործողությունները բացասաբար կանդրադառնան բնակչության հոգեկան առողջության վրա, որոնք առանց այդ էլ գրեթե 30 տարի ապրել են հակամարտության ազդեցության ներքո։ Նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում նրանք այժմ էլ ավելի անհանգստացած են իրենց առողջության ու ապագայի համար։

ԿԽՄԿ-ն ներկա է տարածաշրջանում 1992 թ․-ից ի վեր՝ իրականացնելով իր մարդասիրական գործունեությունը Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ Բաքվում եւ Երեւանում գտնվող իր պատվիրակությունների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում իր առաքելության միջոցով ԿԽՄԿ-ն աջակցում է հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծին կից ապրող քաղաքացիական բնակչությանը։

Բացի այդ, ԿԽՄԿ-ն աշխատանքներ է տանում՝ պարզելու անհայտ կորած անձանց ճակատագրերն ու աջակցելու նրանց ընտանիքներին, ինչպես նաեւ այցելում է ազատազրկված անձանց եւ հանդես գալիս որպես չեզոք միջնորդ՝ աջակցելով ազատ արձակվող անձանց արտահանձմանն ու հայրենադարձմանը կամ մահացած զինվորների աճյունների վերադարձին։

Մենք սերտորեն համագործակցում ենք Հայկական Կարմիր խաչի եւ Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունների հետ՝ համակարգելով Ղարաբաղյան հակամարտությունից ամբողջ տարածաշրջանում տուժած անձանց աջակցությանն ուղղված աշխատանքները։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անկախ եւ չեզոք կազմակերպություն է, որը մարդասիրական պաշտպանություն ու աջակցություն է ապահովում զինված հակամարտությունից եւ բռնության այլ իրավիճակներից տուժած անձանց համար։ ԿԽՄԿ-ն գործում է՝ արձագանքելով արտակարգ իրավիճակներին, եւ խթանում միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ հարգանքը եւ կիրարկումը ներպետական օրենսդրության մեջ։

--00—ՄՀ