ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 23, 24News
«Հեռուստամարաթոն - 2018»-ի ընթացքում, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է 11 մլն 109 հազար 633 դոլար: Գումարը, սակայն, վերջնական չէ․ հանգանակությունը շարունակվում է, հետևաբար գումարը կարող է աճել:
Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ 2017 թվականի հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված գումարը 12.5 մլն դոլար էր։
Ի դեպ, 2017 թվականին միայն ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին էր նվիրաբերել 2 միլիոն 250 հազար դոլար։
2018 թվականի՝ «Արարենք միասին» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով Արցախում կյանքի կկոչվի 2 կարևոր ծրագիր․ մեկը Արցախի գյուղատնտեսության գարգացման համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցման ծրագրերն են, որոնց շնորհիվ Մարտունիի ու Ասկերանի շրջանների մոտ 200 հա տարածք ոռոգելի կդառնա, ոռոգման ջուրը կհասնի արցախցիների խաղողի, ցորենի դաշտերին, պտղատու այգիներին: 13 խորքային հոր է արդեն փորվել դրա համար: Ընթանում են հորատանցքերի վրա պոմպակայանների կառուցման աշխատանքները:
Հեռուստամարաթոնի երկրորդ ուղղությունը Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Ծրագիրը սկսվել է Շուշիի շրջանից: Պիլոտային էր Քարինտակ համայնքը, որտեղ արդեն 50 տանը օգտագործում են այլընտրանքային էներգիա: 2019-ին արևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի շրջանի բնակավայրերում: