2018 թ․ հեռուստամարաթոնին հանգանակվել է 11,109,633 $՝ 1,4 միլիոն $-ով պակաս 2017 թ․-ից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 23, 24News

Thumbnail

«Հեռուստամարաթոն - 2018»-ի ընթացքում, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, «Հայաստան» համահայկական հիմնադրամին  նվիրաբերվել է 11 մլն 109 հազար 633 դոլար: Գումարը, սակայն,  վերջնական չէ․ հանգանակությունը  շարունակվում է, հետևաբար գումարը կարող է աճել:

Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ 2017  թվականի հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված  գումարը 12.5 մլն դոլար էր։

Ի դեպ, 2017 թվականին միայն ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին էր նվիրաբերել 2 միլիոն 250 հազար դոլար։

2018 թվականի՝ «Արարենք միասին» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով Արցախում կյանքի կկոչվի 2 կարևոր ծրագիր․ մեկը Արցախի գյուղատնտեսության գարգացման համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցման ծրագրերն են, որոնց շնորհիվ Մարտունիի ու Ասկերանի շրջանների մոտ 200 հա տարածք ոռոգելի կդառնա, ոռոգման ջուրը կհասնի արցախցիների խաղողի, ցորենի դաշտերին, պտղատու այգիներին: 13 խորքային հոր է արդեն փորվել դրա համար: Ընթանում են հորատանցքերի վրա պոմպակայանների կառուցման աշխատանքները: 

Հեռուստամարաթոնի երկրորդ ուղղությունը Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Ծրագիրը սկսվել է Շուշիի շրջանից: Պիլոտային էր Քարինտակ համայնքը, որտեղ արդեն 50 տանը օգտագործում են այլընտրանքային էներգիա: 2019-ին արևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի շրջանի բնակավայրերում: