Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի անկախությունը․ ԱՀ ԱԳՆ

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News 

ԱՀ ԱԳՆ

2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ, Արցախի Հանրապետության դեմ սանձազերծել են ագրեսիվ պատերազմ։ Այս մասին ասված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաղորդարգությունում։

«Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումը Արցախի Հանրապետության վրա ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաև զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների լուրջ խախտումներով։ Մասնավորապես՝ ադրբեջանա-թուրքական զինված կազմավորումները միտումնավոր գնդակոծում են Արցախի քաղաքները, գյուղերը և քաղաքացիական օբյեկտները՝ խաղաղ բնակչության ահաբեկման և ոչնչացման նպատակով։ Նրանց հանցավոր գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր։

Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և, ընդհանրապես, միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի ռազմական ագրեսիայի անհապաղ դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Միևնույն ժամանակ, նշում ենք, որ միջազգային հանրության բոլոր պահանջները և կոչերը լկիտիաբար մերժվում են Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկչական կազմակերպությունների եռյակ դաշինքի կողմից։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է»,- հայտնել են ԱԳՆ-ից։

--00—ՄՀ