Գրանցվել եմ Ադրբեջան գնալու համար՝ ամսական 2000$-ի համար․ AFP-ն զրուցել է վարձկանների հետ

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News 

․

AFP գործակալությունը զրուցել է սիրիական Հալեպից և Իդլիբից ԼՂ հակամարտության գոտի մեկնել պատրաստվող զինյալների հետ, որոնք խոստացված ամսական գումարի դիմաց են պատրաստվում կռվել Ադրբեջանի կողմից: Այս մասին գրում է france24.com կայքը:

«Ես գրանցվել եմ Ադրբեջան գնալու համար մեկ շաբաթ առաջ, երեք ամսով՝ ամսական 2000 դոլարի համար»,- ասել է 26-ամյա գրոհային թրքամետ վարձկամ Աբու Ահմադը , որը կեղծ անունով է ներկայացել:

Սիրիայի հյուսիսում գտնվող և Թուրքիայի կողմից ղեկավարվող տարհանված փախստականների ճամբարից Աբու Ահմադը նշել է, որ մեկնելու է Լեռնային Ղարաբաղ՝ հույս ունենալով գումար աշխատել, քանի որ ուտելու ոչինչ չունեն։

Սիրիայի մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնը հայտնում է, որ 850 սիրիացի գրոհայիններ արդեն Ադրբեջան են ուղարկվել Թուրքիայի միջոցով, և դեռևս հարյուրավորներ սպասում են իրենց հերթին:

Թրքամետ զինված ընդդիմադիր խմբավորումների գրոհայիններին խոստացել են ամսական 1500-2000 դոլար աշխատավարձ, հայտնում է բրիտանական մամուլը:

Նրանց առաջին խումբն Ադրբեջան է ժամանել նախքան կռվի սկսվելը; Նրանք կարծել են, որ պետք է պահպանեն նավթահանքերը և սահմանը:

Հալեպին կից Աթարեբ քաղաքից մի գրոհային ֆրանսիական լրատվականին ասել է, որ ինքը Ադրբեջանում է և սահմանին է։ Նա հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել։

Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգից 38-ամյա գրոհային Աբու Ադնան ասել է, որ իրեն առաջարկել են գրանցվել որպես մարտիկ Կովկասում:

«Լիբիա մեկնելու մեր հերթը չհասավ, այդ պատճառով էլ մեզ ասացին պատրաստվել Ադրբեջան մեկնելուն»,- նշել է գրոհայինը՝ նույնպես ներկայանալով կեղծ անունով:

--00--ԱՀ