Թուրքիային չեզոքացնել ԼՂ խնդրի կարգավորումից, ճանաչել ԼՂՀ անկախությունը. Regnum

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Արցախ

ԼՂ հակամարտության մեջ Թուրքիայի կործանարար ազդեցությանը պետք է հակադրվի Ստեփանակերտին ու Երևանին հատկացվող աջակցությունը: Դրական գործոն կլիներ Լեռնային Ղարաբաղն իբրև անկախ պետություն ճանաչելը: Այս մասին հայտնում է Regnum-ի վերլուծաբան Միխայիլ Դեմուրինը` մեկնաբանելով ԵՄ առաջնորդների արտահայտությունները`այս հակամարտության մեջ Թուրքիայի դերի մասին:

«ԵՄ`Թուրքիային ուղղված կոչը դադարել միջամտել ԼՂ հակամարտությանը, իհարկե, ճիշտ կոչ է: Կարևոր է, սակայն, հիշել, որ բոլոր այն գործողությունները, որ մեղսագրվում են թուրքական կողմին, անհնար կլինեին առանց Ադրբեջանի: Անկարան չէ, որ Բաքվին դրդել և դրդում է ԼՂ հակամարտությունը լուծել ուժային մեթոդով, այլ Բաքուն է նման խաղադրույթ կատարել` դրա իրագործման համար ստանալով Թուրքիայի աջակցությունը:

ԼՂ հակամարտության գործում Թուրքիան չի կարող ունենալ կառուցողական դեր. իդեալական տարբերակը կլինի Թուրքիային այս խնդրի լուծումից մեկուսացնելը: Դա, սակայն, դժվար թե հնարավոր է: Նշանակում է` Թուրքիայի կործանարար ազդեցությանը պետք է հակադրվի մեկ այլ գործոն»,- ասել է նա:

Ըստ վերլուծաբանի` լավ կլիներ, եթե ստեղծվեր նոր կառուցողական քաղաքական գործոն:

Մյուս կողմից, Արցախի անկախության ճանաչման բացակայությունը բազմակի ավելացնում է ԼՂ ժողովրդի մտավախությունը սեփական ճակատագրի, սեփական կյանքի համար: Ցանկացած ժողովրդի իրավունքներից մեկն էլ, բացի ինքնորոշումից, անվտանգ գոյության իրավունքն է: ԼՂ ժողովրդի համար այդ իրավունքի ապահովումը հանդիսանում է հակամարտության կարգավորման անսակարկելի պայման: Այդ ուղին, ըստ վերլուծաբանի, ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումով է անցնում:

--00--ԱԹ