Անտեսելով ամբողջ աշխարհի կոչերը՝ Թուրքիան շարունակում է ռազմական աջակցությունը․Փայլան

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

կարոփալյան

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին և դրանց վերաբերյալ Թուրքիայի արձագանքին:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող լարվածությունը վերջին օրերին, ցավոք, վերաճեց պատերազմի»,- գրել է Կարո Փայլանը։

Նրա խոսքով՝ «անտեսելով ամբողջ աշխարհից հրադադարի կոչերը՝ Թուրքիայի կառավարությունը զբաղվում է ռազմական քարոզչությամբ՝ բացահայտ աջակցելով ռազմական հակամարտությանը»։

«Թուրքիայի կողմից ստորագրված ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 20-րդ հոդվածն ասում է, որ «պատերազմի ցանկացած քարոզչություն պետք է արգելվի օրենքով»,- գրել է Փայլանը՝ նշելով, որ Թուրքիայի իշխանությունները փաստացի իրականացնում են ռազմական քարոզչության հանցագործություն։

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորի խոսքով՝ «իր վարած քաղաքականությամբ իշխող կառավարությունը մեր երկիրն ու տարածաշրջանը սուզում է խավարի մեջ։ Նրանք, ովքեր ռազմական թմբուկներ են հնչեցնում, փորձում են լռեցնել նրանց, ովքեր խաղաղության կոչ են անում։ Բայց ո՛չ ես, ո՛չ իմ ընկերները չենք դադարի խաղաղության կոչ անել»։

Կարո Փայլանը նաև նշել է, որ որոշ ուժեր մոբիլիզացվել են, որպեսզի լռեցնեն իրեն, սակայն չնայած նրանց սպառնալիքներին՝ շարունակելու է խաղաղության կոչ անել։

--00--ԱՀ