Հաջիևը պատահմամբ հաստատել է՝ Գյանջայում թուրք զինծառայողներ կան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News   

ադրբեջան

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատահմամբ հաստատել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հիքմեթ Հաջիևն Արցախի պաշտպանության բանակի կողմից Գյանջայի ռազմական ավիաբազային հասցրած հարվածի հետևանքները ցույց տալու համար «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որում հստակ երևում է, որ տարածքում թուրքական բանակի համազգեստով զինծառայողներ են կանգնած:

Ադրբեջանի նախագահի օգնականը, հասկանալով իր սխալը, ջնջել է այդ լուսանկարը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

--00—ՄՀ