Պարագվայի ԱԺԿ-ն մերժում է ուժի կիրառումը՝ որպես միջազգային վեճերի լուծման միջոց

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News   

բանակ

Պարագվայի Առաջադիմական ժողովրդավարական կուսակցությունն անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտարարության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 27-ից Հարավային Կովկասում ծավալված հակամարտության և ուժգնացող դիմակայության լույսի ներքո Պարագվայի Առաջադիմական ժողովրդավարական կուսակցությունը վերահաստատում է, որ մերժում է ուժի կիրառումը՝ որպես միջազգային վեճերի լուծման միջոց: Նշվում է, որ այս գործողությունները կարող են հանգեցնել միայն քաղաքացիական բնակչության հիմնարար իրավունքների խախտմանը և մարդկային կորուստներին:

«ԱԺԿ-ն իր համերաշխությունն է հայտնում այս հակամարտության զոհերին և կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ երկխոսության՝ բանակցությունների շարունակման միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ այն գիտակցմամբ, որ պատմությունը մեզ ուսուցանում է, որ բռնությունը միայն բռնություն և մահ է ծնում: Ժողովուրդների ինքնորոշման և իրենց տարածքում խաղաղ և ժողովրդավարական եղանակով ապրելու իրավունքի ճանաչումը միջազգային հանրության պարտավորությունը, որը պետք է վերակերպվի կոնկրետ գործողությունների՝ ուղղված Հարավային Կովկասում են ամբողջական խաղաղության վերականգմանը»,- ասված է Առաջադիմական ժողովրդավարական կուսակցության հայտարարությունում:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ