Եվրոպական երկրները պետք է հստակ դատապարտեն բռնությունը, հարձակումը ԼՂ և Հայաստանի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գերմանական «ԲԻԼԴ» պարբերականի թղթակիցը հարցնում է. «Ինչո՞ւ է Էրդողանն աջակցում Ադրբեջանին»։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես արդեն ասացի, որ դա Թուրքիայի և Էրդողանի կայսերապաշտական քաղաքականության հետևանք է։ Եվ կարծում եմ, որ մեծ հավանականությամբ խնդիր է դրված, որպեսզի Ադրբեջան անկախ պետությունը գոյություն չունենա, և այն ամբողջապես կլանվի Թուրքիայի կողմից։ Այդպիսով նաև, երբ ես խոսում եմ հայերի նկատմամբ ցեղասպանության քաղաքականության մասին, ցանկանում եմ ընդգծել, որ դա ընդամենը միայն պատմական ատելության արտահայտություն չէ հայերի նկատմամբ: Խնդիրն  այն է, որ Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք ծավալվելու համար։ Որովհետև Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը շատ ավելի հեռուն է գնում, քան Հարավային Կովկասը: Եկեք տեսնենք Թուրքիայի գործունեությունը Միջերկրական ծովում, Լիբիայում, Մերձավոր Արևելքում, Իրաքում, Սիրիայում։ Եվ ես ցանկանում եմ ընդգծել, որ, իմ կարծիքով, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանն այսօր գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Եվ եթե միջազգային հանրությունն այս փաստը պատշաճ արձագանքի չարժանացնի, ուրեմն անհրաժեշտ է Թուրքիային սպասել Վիեննայի մոտակայքում:

«ԲԻԼԴ» պարբերական – Արդյոք Գերմանիան իրեն հեռո՞ւ է պահում, զսպվածություն է դրսևորո՞ւմ՝ զգուշանալով Էրդողանի արձագանքից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իմ խնդիրը չէ՝ մեկնաբանել Գերմանիայի քաղաքական գործիչների դիրքորոշումները: Ես պարզապես, օգտվելով այս առիթից, ցանկանում եմ ներկայացնել այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որ գուցե նաև Գերմանիայի քաղաքական գործիչներին անհրաժեշտ է պատշաճ արձագանքել:

«ԲԻԼԴ» պարբերական – Ի՞նչ պետք է անի Գերմանիան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ, որ եվրոպական երկրները պետք է հստակ դատապարտեն բռնությունը, բռնությունների մեկնարկը և Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների համատեղ հարձակումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վրա:

«ԲԻԼԴ» պարբերական – Կարո՞ղ է կանցլեր Մերկելն աջակցել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ, որ նման լիդերների ձայնը՝ ճշմարտությունից բխող, կարող է մեծ ազդեցություն ունենալ իրականության վրա: Գիտեք, ես կարող եմ ասել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  շատ հստակ արձանագրել է, որ Ադրբեջանն է եղել հարձակման հեղինակը։ Նա շատ հստակ արձանագրել է, որ Թուրքիան է քաջալերել Ադրբեջանի հարձակումն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի։ Նա շատ հստակ արձանագրել է, որ կան Սիրիայից վարձված վարձկաններ, որոնք Թուրքիայի կողմից տեղափոխվել են հակամարտության գոտի՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ պատերազմելու: Ըստ էության, նույն բանը շատ հստակ՝ վարձկանների և նաև Թուրքիայի գործունեության մասով արձանագրել է Ռուսաստանը, թեկուզ ոչ այդպես շատ ուղիղ և միանշանակ։ Եվ, ըստ էության, վարձկանների մասով արձանագրում արել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը: Սա շատ կարևոր է:

«ԲԻԼԴ» պարբերական – Գերմանիայում քննադատաբար են մոտենում նրան, որ Ռուսաստանը ձեր դաշնակիցն է, և Պուտինը պատերազմ է մղում Սիրիայում և Ուկրաինայում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ես Ձեր հարցի գնահատականները կթողնեմ առանց մեկնաբանության, որովհետև ամենատարբեր իրադարձությունները տարբեր կողմերից, տարբեր երկրներից և տարբեր տեսանկյուններից տարբեր կերպ են երևում: 

--00--ԱԹ