Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը դատապարտել է Թուրքիային

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5,  24News   

Արավբ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը հայտարարել է, որ կովկասյան և միջերկրածովյան տարածաշրջաններում տարածաշրջանային լարվածությունը խորացնելու Թուրքիայի դերը վատ ավարտ կունենա այդ երկրի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Arabnews»-ը հայտնում է, որ մասնավորապես, Ահմեդ Աբուլ Ղեյտն ընդգծել է, որ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջամտել է Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրներին, բախվել Հունաստանի և Կիպրոսի հետ,  հարձակվել Արևելյան Միջերկրականի գազային գոտիների վրա։ Աբուլ Ղեյտը նաև նշել է, որ իրեն զայրացնում է այն, որ սիրիացիներն օգտագործվում են որպես վարձկաններ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պայքարելու համար:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

--00—ՄՀ