Հիմա է գործելու ժամանակը, քանի դեռ հումանիտար աղետը հայերի նոր ցեղասպանության չի վերածվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

սերգեյ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր հետևորդներին ներկայացնելով ԼՂ-ում տիրող իրավիճակը, Ադրբեջանի հարձակումները, Թուրքիայի աջակցությունն ու պատերազմական գործողություններում Սիրիայից վարձկանների ներգրավումը:

Ըստ Սմբատյանի՝ Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ պատերազմն ունի Թուրքիայի լիակատար աջակցությունը, որը Սիրիայից իսլամիստ ապստամբներ և  ահաբեկչական խմբավորումներ է հավաքագրել և տեղափոխել հակամարտության գոտի:

«Միջազգայնորեն արգելված կասետային զինամթերքի օգտագործումը և դրանով ոչ պատերազմական բնակավայրերը թիրախավորումը դադարեցնելու կոչերին և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան վերևից են նայում, քանի որ խոսքերը նրանց համար այլևս ոչ մի նշանակություն չունեն: Ահաբեկչությունը բառերի լեզվով չի խոսում»,- գրել է Սմբատյանը, ապա կոչ արել միջազգային հանրությանը, կազմակերպություններին, կառավարություններին, խորհրդարաններին, միջազգային ԶԼՄ-ներին խոսել ինքնաճանաչման և ապրելու իրենց իրավունքի համար պայքարող ժողովրդի նկատմամբ ահաբեկչության մասին: 

«Հիմա է գործելու և բոլոր հանցագործությունները դադարեցնելու ժամանակը, քանի դեռ այս հումանիտար աղետը հայերի նոր ցեղասպանության չի վերածվել»,- եզրափակելով խոսքը հայտարարել է Սմբատյանը: 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

--00—ԼՄ