Սա հայրենական թեժ պատերազմ է, որում մենք պետք է կանգուն լինենք մինչև վերջ. Ռուբեն Ռուբինյա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ռուբեն

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ, պատերազմի 2-րդ-3-րդ օրից սկսած, միջազգային խաղացողների, մամուլի և հանրության շրջանում ընկալման փոփոխություն է տեղի ունեցել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

«Աշխարհը ընդունեց այն փաստը, որ Թուրքիան ֆիզիկապես ներգրավված է պատերազմի մեջ և որ տեռորիստներ են օգտագործվում հայության դեմ, ինչը դիվանագիտական առումով բնականաբար դրական է և մեծ հնարավորությունների տեղ է բացում»,-ասեց Ռուբինյանը:

Հարցին՝ երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպեց Թուրքիայի  ԱԳ նախարարին և նախագահին, ի՞նչ ենք ակնկալում հանդիպումից, Ռուբինյանը պատասխանեց. «Թուրքիան անցել է բոլոր կարմիր գծերը և վերածվել է տեռորիստ պետության, իսկ մյուս միջազգային գործընկերներից մենք ակնկալում ենք կոշտ հանդիմանում և քննադատություն Թուրքիայի այս հակաօրինական և հակահումանիստական և ագրեսիվ գործողություններին»:

Ռոբինյանն անդրադարձավ նաև կրակը դադարեցնելու՝ միջազգային հանրության կոչերին՝ նշելով, որ համանախագահ երկրների նախագահների առաջին համատեղ կոչից հետո Հայաստանի ԱԳՆ-ն դրական է արձագանքել դրան, բայց թուրք-ադրբեջանատեռորիստական ագրեսիվ քաղաքականության պատճառով խաղաղություն չհաստատվել: Ռուբինյանը նաև հիշեցրեց, որ երեկ հնչել է համանախագահ երկրների ԱԳ նախարարների ավելի խիստ կոչը, ապա նշեց, որ հայկական կողմը պետք է սպասի ադրբեջանական կողմի արձագանքին:

Հարցին՝ բացի հայտարարություններից՝ միջազգային հանրությունը, դաշնակից պետությունը ի՞նչ գործուն քայլեր պետք է անեն, պատգամավորը նշեց. «Ես վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և առաջին հերթին Ռուսաստանը կկատարի իր կարևոր դերը այս տարածաշրջանում խաղաղություն ապահովվելու հարցում»:

Ռուբինյանը առկա իրավիճակին գնահատական տալը վաղ համարեց. «Սա հայրենական թեժ պատերազմ է, որում մենք պետք է կանգուն լինենք մինչև վերջ»:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ԼՄ