Ադրբեջանը հարավային ուղղությամբ գրոհ է սկսել Թուրքիայի ԱԳ նախարար Բաքու այցի ընթացքում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6,  24News   

բանակ

Արցախի ՊԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ կեսօրին մոտ, Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ 

«Այս գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարար Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց։
Արցախի ՊԲ կողմից գործի են դրվել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հարձակումը ետ շպրտելու համար: Հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- գրել է Նաղդալյանը: 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ