Պուտինին զեկուցում են հրադադարի հաստատմանը նպաստելու հարցով իրեն ուղղված կոչերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

պեսկով

Ռուսաստանը մեկն է այն երկրներից, որ կարող էին միջնորդ դառնալ և կարգավորել ԼՂ հակամարտությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ համաձա՞յն են Կրեմլում այն թեզի հետ, որ հենց Ռուսաստանն է ունակ դադարեցնել ռազմական գործողությունները: 

Պեսկովից հետաքրքրվել են՝ Մոսկվան կարո՞ղ է առավել ակտիվ քայլեր ձեռնարկել՝ ԼՂ-ում իրավիճակի կարգավորման ուղղությամբ: 

«Առավել ակտիվ քայլեր, քան հիմա, դժվար է պատկերացնել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը նաև հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցում են Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու վերաբերյալ իրեն հասցեագրված կոչերի մասին: 

«Բնականաբար, բոլոր կոչերի մասին զեկուցում ենք»,- ասել է նա լրագրողներին՝ ի պատասխան հարցի՝ արդյո՞ք նախագահը տեսել է իրեն հասցեագրված կոչերը, մասնավորապես՝ գործարարներ Ռուբեն Վարդանյանի և Սամվել Կարապետյանի կոչերը, և արդյո՞ք դրանց արձագանք կլինի:

«Հասկանալի է նաև նման դիմումների հուզական ֆոնը՝ հաշվի առնելով այն, որ քանի դեռ իրավիճակը թեժանում է, մարդիկ շարունակում են զոհվել, ինչը բացարձակ անթույլատրելի է»,- նշել է Պեսկովը:

--00--ԱԹ