Լատվիայի նախագահի խորհրդականը աջակցություն է հայտնել Արցախին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7,  24News   

Լատվիա

Լատվիայի նախագահի արտահաստիքային խորհրդական, Ռիգայի Դումայի անդամ Յուրկիս Կլոտինշը աջակցություն է հայտնել Արցախին և «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Լատվիայում հայ երիտասարդների կողմից պատրաստած տեսահոլովակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Յուրկիս Կլոտինշը նաև գրառում է կատարել, որում նշել է.

«Լատվիայի հայ երիտասարդությունը հիշեցնում է 100 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով իր ժողովրդի կրած տառապանքների մասին և կոչ է անում անտարբեր չմնալ այն սպառնալիքի հանդեպ, որին այսօր բախվում են իրենց հայրենակիցները պատմական հայրենիքում, ուր մտնում է նաև Արցախը կամ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը»:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

--00—ՄՀ