Ռազմական գործողությունների դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7,  24News   

Արցախ

«ՅՈՒՆԻՍԵՖ»-ը հոկտեմբերի 6-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունները դադարեցնել:

«Արդեն 10 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ սրվել է: Ըստ տեղեկությունների, չորս երեխա սպանվել է, իսկ ևս յոթը՝ վիրավորվել։ Եթե մարտերը չդադարեն, այս թիվը ցավալիորեն կաճի: Մարտերի հետևանքով ոչնչանում են տները, վնասվում դպրոցներն ու այլ կարևոր ենթակառուցվածքները: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում՝ պաշտպանել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները հետագա վնասներից՝ միջազգային և մարդասիրական իրավունքին համապատասխան: Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից»,- ասված է կազմակերպության հայտարարությունում:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ