Թույլ չենք տա՝ ահաբեկիչները, որոնց դեմ կռվել է նահատակ Սուլեյմանին, լինեն մեր սահմանին մոտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ռոհանի.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին նախարարների կաբինետի նիստում անդրադարձել է ԼՂ հակամարտությանն ու դրա շուրջ ծավալված ռազմական գործողություններին, ապա նաև ընդգծել Իսլամական Հանրապետության համար ևս անվտանգության սպառնալիք կա, գրում են իրանական ԶԼՄ-ները:

Ռոհանին նշել է, որ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ զրույցում իր կարևոր շեշտադրումներից մեկը եղել է Իրանի անվտանգությունը պահպանելու խնդիրը:

«Մեր տարածաշրջանը շատ զգայուն և կարևոր տարածաշրջան է: Մեզ համար շատ կարևոր է հողի, գյուղերի և սահմանամերձ քաղաքների անվտանգությունը, լինի դա Արևելյան Ադրբեջանում, Արդաբիլում կամ այլ տեղ: Ղարաբաղի տարածաշրջանում 2 երկրների պատերազմը, որն արդեն մոտ 10 կամ 11 օր է շարունակվում է, մոտ է մեր սահմաններին»,-ասել է Ռոհանին:

Իրանի առաջնորդը նաև հայտնել է, որ կրակի, պատերազմի ու արյան միջոցով ոչինչ և ոչ մի խնդիր հնարավոր չէ լուծել: Կան այլ եղանակներ, և Թեհրանը պատրաստ է ցանկացած այլ կերպ օգնել հակամարտության լուծմանը:

«Առաջին խնդիրը մեր անվտանգությունն է: Երկրորդը ահաբեկիչների խնդիրն է. դա մեզ համար անընդունելի է, և մենք թույլ չենք տա, որ ահաբեկիչները, որոնց հետ երկար տարիներ կռվել ենք Սիրիայում, որոնց դեմ կռվել է նահատակ Սուլեյմանին (խմբ.՝ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, սպանվել է 2020-ի հունվարին ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով), լինեն մեր սահմանների մոտ»,- ընդգծել է նախագահը:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո հայկական կողմը բազմաթիվ ապացույցներ է ներկայացրել միջազգային հանրությանը առ այն, որ ադրբեջանաթուրքական կողմը իր ռազմական գործողություններում ներգրավել է նաև իսլամիստ վարձկանների:

--00—ԼՄ