Հայաստանում և Արցախում հավատում են, որ ՌԴ-ն կարող է կանգնեցնել մարտական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

արմեն

«ՌԻԱ նովոստին», հղում անելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, գրում է, որ Հայաստանում և Արցախում հավատում են, թե Ռուսաստանը կարող է կանգնեցնել ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողությունները: 

«Ղարաբաղում ապրող հայերը այստեղ՝ ճակատում, կամ փախստականները, մտածում են, որ Ռուսաստանը բացարձակ օբյեկտիվ պատճառներով կարող է լինել իրական միջնորդ և կանգնեցնել ռազմական գործողությունները»,-ասել է Արմեն Սարգսյանը ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ապա նկատել, որ Ռուսաստանն ազդեցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա, սակայն պետք է ստիպել Թուրքիային լքել հակամարտության գոտին: Սարգսյանը կարծում է, որ Մոսկվան կարող է ազդել Անկարայի վրա:

Նախագահը հավելել է, որ հայ-ռուսական հարաբերությունները զուտ քաղաքական չեն. «Դրանք այնքան խորն են, որ կարելի է անվանել ազգային շահ»,-նշել է ՀՀ նախագահը:

Նշենք, որ Երևանում օրերս ռուս լրագրողների հետ է հանդիպել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ադրբեջանաթուրքական ուժերի սանձազերծած ռազմական գործողություններից հետո, Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն: Արդեն 10 օր է, ինչ ռազմական գործողությունները շարունակվում են:

--00—ԼՄ