Պատերազմը կարող է ավարտվել միայն ահաբեկչական խմբերի կապիտուլյացիայի դեպքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական РБК հեռուստաալիքին, որի գրավոր տարբերակը տեղադրվել է նաև հեռուստաալիքի կայքէջում: Ներկայացնում ենք այն ստորև.

РБК- Համաձա՞յն եք արդյոք, որ այս հակամարտությունը բանակցային գործընթացը ետ է մղել տարիներով, եթե ոչ տասնամյակներով: Կարո՞ղ է արդյոք հիմա ընդհանրապես հնարավոր լինել ինչ-որ փոխզիջում։ Կհամաձայնի՞ արդյոք, օրինակ, Երևանը ինչ-որ շրջանների հանձնմանը կամ ինչ-որ նոր բանաձևերի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ես չեմ կարծում, որ հիմա տեղին է դա քննարկելը։ Դուք հարցրեցիք՝ մտածո՞ւմ եմ արդյոք, որ այս պատերազմը բանակցային գործընթացը տասնյակ տարիներ հետ մղեց։ Ես կարծում եմ, որ այս պատերազմն ընդհանրապես փոխում է այս հակամարտության համատեքստը, ամբողջ համատեքստը։ Քանի որ սա արդեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չէ։ Դա հակաահաբեկչական պատերազմ է, որը վարում են Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը։ Սա ահաբեկչական հարձակում է Լեռնային Ղարաբաղի դեմ, որը նախաձեռնել է Ադրբեջանը, և կազմակերպել է Թուրքիան։ Դա արդեն սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի համար, այլ կոնկրետ սպառնալիք Ռուսաստանի համար։ Եվ փաստն այն է, որ Ռուսաստանը նույնպես մոտավորապես այսպես է գնահատում իրավիճակը։ Եվ եթե Դուք հետևեք վերջին օրերի պաշտոնական հայտարարություններին Մոսկվայից, ակնհայտ է, որ Ռուսաստանը, եթե ոչ 100 տոկոսով, ապա 80 տոկոսով մոտավորապես նույն կերպ է ընկալում այս իրավիճակը։

РБК- Այսինքն՝ պատերազմը կարող է ավարտվել միայն Ադրբեջանի անվերապահ կապիտուլյացիայի՞ դեպքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ոչ, պատերազմը կարող է ավարտվել միայն ահաբեկչական խմբերի անվերապահ կապիտուլյացիայի դեպքում։ Որովհետև Հայաստանն ու Ղարաբաղը չունեն Ադրբեջանի անվերապահ կապիտուլյացիայի նպատակներ։ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը նպատակ ունեն՝ անվերապահ կապիտուլյացիայի ենթարկել ահաբեկչական խմբերին, որոնք գործում են հակամարտության գոտում։

РБК - Բայց դա Երևանի և Բաքվի միջև հարցերը չի լուծում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իհարկե։ Ես արդեն ասել եմ, որ նրանց ներկայությունը և ընդհանրապես Թուրքիայի ներկայությունը տարածաշրջանում փոխում է համատեքստը։ Ինչո՞ւ Թուրքիան 100 տարի անց վերադարձավ Հարավային Կովկաս։ Երկու պատճառով։ Առաջինը՝ Հայոց ցեղասպանության քաղաքականությունը շարունակելու համար։ Դուք հասկանո՞ւմ եք, որ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, առնվազն Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանություն կսկսվի։ Եվ դա չափազանցություն չէ։ Բայց ինչո՞ւ է Թուրքիայի համար կարևոր ցեղասպանության քաղաքականության շարունակությունը։ Քանի որ Հարավային Կովկասի հայերը Թուրքիայի համար վերջին խոչընդոտն են դեպի հյուսիս և արևելք էքսպանսիայի համար։ Եվ եթե այս իրավիճակին նայենք այն քաղաքականության համատեքստում, որը Թուրքիան վարում է Միջերկրածովյան տարածաշրջանում Հունաստանի, Կիպրոսի նկատմամբ, այն քաղաքականության համատեքստում, որը Թուրքիան վարում է Իրաքում, Սիրիայում, պատկերն ավելի պարզ կդառնա։ Դա կայսերական քաղաքականություն է, որն սպառնում է ոչ միայն Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին, այլ նաև շատ երկրների, որոնք այստեղից բավական հեռու են գտնվում։

--00--ԱՀ