ՌԴ-ն ջանքեր է գործադրում ԼՂ-ում կրակն անհապաղ դադարեցնելու ուղղությամբ. Զախարովա

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

զախարովա

Ռուսաստանը հնարավորություն է մշակում՝ Մոսկվայում կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների բանակցություններ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մշակվում են գործողությունների ամենատարբեր սխեմաներ, ի թիվս մնացածի, մենք նաև առաջարկել ենք մոսկովյան հարթակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար: Մենք խորհրդակցություններ ենք վարում կողմերի հետ՝ այս ձևաչափով բանակցությունների մեկնարկի հնարավոր ժամկետների վերաբերյալ»,- ասել է նա:

Զախարովան նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կքննարկվի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ընթացքում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է՝ Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման համար: Նա ասել է, որ հոկտեմբերի 11-13-ը Մոսկվա կայցելի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: 

Այս այցի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարը բանակցություններ կունենա իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: 

«Ռուսաստանն ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, հետևողական ջանքեր է գործադրում՝ ուղղված կրակի անհապաղ դադարեցմանը և բանակցային գործընթացի վերսկսման պայմանների ստեղծմանը»,- ասել է Զախարովան:

Մոսկվայում հուսով են, որ Մնացականյանի այցը Մոսկվա նոր խթան կհաղորդի հայ-ռուսական համագործակցությանը և կնպաստի Անդրկովկասում կայունության ու անվտանգության ամրապնդմանը:

--00--ԱԹ