Գերմանիայի Ավետարանական եկեղեցիները զորակցություն են հայտնել հայ ժողովրդին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News

ավետարանական

Գերմանիայի Ավետարանական Եկեղեցու Խորհրդի նախագահ եպիսկոպոս դոկտ․ Հայնրիխ Բեդֆորդ-Շթրոհմը զորակցության նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

«Խոր ցավով տեղեկացանք Լեռնային Ղարաբաղում նոր հակամարտության և դրա հետևանքով տեղի ունեցած մարդկային կորուստների մասին: Մեր բոլոր հույսերն ու աղոթքները Ձեզ և յուրաքանչյուր անձի հետ են, ում կյանքը վտանգված է այս ռազմական գործողություններով: Հայցում ենք Աստծո սերն ու ողորմությունը խաղաղության կամ ավելի քան 25 տարի տևած հրադադարի պահպանության համար՝ կանխելու ցանկացած քայլ, որը հետագայում կարող է հանգեցնել սարսափելի պատերազմի վերսկսմանը:

․․․Ես առավել չափով սգում եմ այժմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տառապանքի համար:

ԵՀԽ գործող գլխավոր քարտուղար Իոան Սաուկայի միջոցով Քրիստոնեական Եկեղեցիները հանդես են եկել համատեղ կոչով՝ ուղղված հակամարտող կողմերին՝ վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ, իսկ օտարերկրյա պետություններին հորդորել՝ զերծ մնալու որևէ տեսակի միջամտությունից, որը թեժացնում է ռազմական գործողությունները: Անձնապես և Գերմանիայի Ավետարանական եկեղեցիների անունից ամբողջ սրտով միանում եմ այդ կոչին»,- ասված է Գերմանիայի Ավետարանական Եկեղեցու Խորհրդի նախագահի նամակում։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ