Թուրքիան հայտարարում է՝ հույս ունի, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News

Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական La Republica թերթին, որը ներկայացնում ենք ստորև.

«Թուրքերի վերադարձը Հարավային Կովկաս նշանակում է մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վերսկսումը, երբ Օսմանյան կայսրությունը կոտորեց 1,5 միլիոն մարդու», - պնդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Թուրքիայի կողմից քաջալերված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան ահաբեկչական պատերազմ է ընդդեմ մի ժողովրդի, որը պայքարում է իր ազատության համար», - շարունակում է Փաշինյանը:

La Republica - Պարոն վարչապետ, Դուք ռազմաճակատից վերադարձել եք ժամեր առաջ: Ի՞նչ իրավիճակ է այնտեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ադրբեջանցիներն անխտիր ռմբակոծում են քաղաքներն ու գյուղերը՝ հարվածելով հատկապես քաղաքացիական բնակչությանը, որը ստիպված է լքել տները՝ պատսպարվելով ապաստարաններում: Ռազմաճակատում, մինչդեռ, ինտենսիվ մարտեր են, սակայն հայերը դիմադրում են և կարող եմ ասել, որ Ադրբեջանի բանակը ոչ մի ռազմավարական հաջողություն չունի:

La Republica - Հաստատո՞ւմ եք Անկարայի ուղիղ ներգրավվածությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ, որ դա արդեն ապացուցված փաստ է, և սա հիմնավորելու համար պետք է պարզապես նայել ուղղակի հրապարակային հայտարարությունները: Էլ չեմ ասում, որ Նյու Յորք Թայմսը երեկ հրապարակեց թուրքական F-16 ինքնաթիռների առկայությունը Գյանջայի օդանավակայանում: Մենք ահազանգում էինք այս ընթացքում, որ թուրքական F-16-երը ներգրավված են ռազմական գործողությունների մեջ և դա հերքվում էր, բայց, ի վերջո, փաստացի ապացուցվեց: Եվ նաև շատ կարևոր է արձանագրել այն հրապարակային հայտարարությունները, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաններն անում են և արել են: Ես մի օրինակ նշեմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները և արտգործնախարարը հայտարարություն են անում, որ պետք է անհապաղ կրակի դադարեցում տեղի ունենա, Թուրքիան հայտարարում է, որ հույս ունի, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները: Եվ մյուս կողմից հայտարարում է, որ ինքն Ադրբեջանի կողքին է թե՛ դիվանագիտական դաշտում, թե՛ ռազմաճակատում:

La Republica - Ի՞նչ կասեք ճակատում գտնվող սիրիացի ահաբեկիչներից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այսուհետ միջազգայնորեն ճանաչված է, որ Թուրքիան ադրբեջանցիներին օգնելու համար ջիհադիստներ է բերել Սիրիայից: Այս պատճառով է, որ մարտեր են ընթանում նաև ահաբեկչության դեմ, մի ռազմաճակատի երկայնքով, որտեղ քաղաքակրթությանը հակազդում է բարբարոսությունը: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն Անկարայի էքսպանսիոնիզմի վերջին խոչընդոտներն են և, եթե միջազգային հանրությունը շուտափույթ չմիջամտի, շուտով կտեսնի թուրքերին Վիեննայի դռների առջև, ինչպես եղավ 17-րդ դարում օսմանցիների հետ: 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ