Կփորձենք վաղը անակնկալի բերել Վրաստանի հավաքականին. Հենրիխ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News 

Մխիթարյան

ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը տանտիրոջ կարգավիճակում Լեհաստանի Տիխի քաղաքում կմրցի Վրաստան հավաքականի հետ: Ինչպես հայտնում է Armsport.am-ը, այսօր կայացած նախախաղային ասուլիսին մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի հավաքականի ավագը պատասխանել է հավաքականի նորեկ Վահան Բիչախչյանի մասին հարցին. «Բիչախչյանը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, հույս ունեմ, որ ավելի շատ կաշխատի իր վրա և կկարողանա ավելի բարձր մակարդակով հանդես գալ, քանի որ նա շատ բանի է ունակ: Նրա հետ խոսել եմ և ասել, որ կանգ չառնի, քանի որ դեռ շատ անելիք ունի ու կարող է բարձր մակարդակով խաղալ ու օգուտ տալ Հայաստանի հավաքականին»:

Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ շատ նորեկներ չեն կարողանում ամրապնդվել հավաքականում, Մխիթարյանն ասել է. «Ես չեմ կարող դրա պատասխանը տալ, կարծում եմ նրանք ավելի լավ կպատասխանեն այդ հարցին: Մենք փորձում ենք օգնել բոլորին, ով միանում է մեզ, քանի որ սա մի ընտանիք է և անում ենք առավելագույնը, որ նրանք կարողանան մերվել թիմին»:

Մխիթարյանը հայտնել է, որ թիմում բոլորն էլ գիտակցում են առաջիկա երկու խաղերի կարևորությունը. «Վերլուծել ենք նրանց խաղը և լավ ծանոթ ենք: Վերջին խաղերում լավ են հանդես եկել, բայց դա ոչինչ չի նշանակում: Կփորձենք վաղը անակնկալի բերել նրանց, խաղալ մեր խաղն ու հաջողության հասնել:  Բոլորս էլ գիտակցում ենք այս երկու խաղերի կարևորությունը»,- ասել է Մխիթարյանը:

--00--ԱԹ