Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանական իրավունքը, Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակչության դեմ օգտագործում է Սմերչ, Պոլոնեզ, ԱԹՍ-ներ:  Այդ մասին ասուլիսի ժամանակ հերթական անգամ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: 

«Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր չպայթեցնեին մի քանի անգամ: Ընդ որում՝ Շուշիի եկեղեցին անգամներով հրթիռակոծվել է: Այսինքն՝ ոտնահարվում են համամարդկային արժեքները Արցախում: Ընթանում է խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց, և այսքանից հետո Արցախից ակնկալում են ոչ համարժեք վերաբերմունք՝ համաձայնվել իրենց կողմից պարտադրված պայմանների հետ: Դա չի լինելու, կրկնում եմ, դա չի լինելու: Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանական իրավունքը, Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս»,-հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նաև նշել է, որ միջազգային տեռորիզմը ներթափանցում է տարածաշրջան Արցախյան ազատագրական պայքարի դեմ Ադրբեջանի ստանձնած քաղաքականության քողի, անվան տակ, և հավելել, որ այդ մասով փաստերը շատ-շատ են:

Հիշեցնենք, որ Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 10 ժամ տևած բանակցությունից հետո՝ հոկտեմբերի 10-ի գիշերը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը: Ըստ այդմ՝

  1. Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:
  2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:
  3. Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի (субстантивный) բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով:
  4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։

Անտեսելով հոկտեմբերի 10-ի՝ ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը՝ ադրբեջանական ստորաբաժանումները նույն օրը՝ ժամը 12:05-ին գրոհ էին ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։

--00—ԼՄ