Դատապարտում ենք մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

մշակույթ

Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդը քննադատում է կրոնական ժառանգության ոչնչացումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախա-ադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալումը և հետագա զարգացումները շարունակում են մնալ Նիդերլանդների մի շարք կառույցների և առհասարակ հասարակության լայն շերտերի ուշադրության կենտրոնում։ Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումն ու ռմբակոծումը մեծապես մտահոգել է Նիդերլանդների եկեղեցիների խորհրդին։

Հարցի համատեքստում, Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում, հակիրճ անդրադարձ կատարելով հակամարտության պատմությանն ու ներկայիս զարգացումներին, դատապարտել է մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման փորձերը և աջակցություն հայտնել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, ինչպես նաև ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղ բանակցություններին վերադառնալու Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպական միության կոչերին։

«Պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև

Կրկին պատերազմ է բռնկվել Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Քրիստոնյա հայերով բնակեցված և մեծամասամբ մուսուլմանական բնակչություն ունեցող Ադրբեջանի միջև հակամարտությունը շարունակվում է տասնյամյակներ։ Խորհրդային շրջանում Լեռային Ղարաբաղը ներառվել է Ադրբեջանի կազմում։ Խորհրդային Միության փլուզումից հետո շրջանը հռչակել է իր անկախությունը, որի արդյունքում 1991թ․ ծագել է այս հակամարտությունը։ Հակամարտության արդյունքում գրանցվել է շուրջ երեսուն հազար զոհ, ևս մեկ միլիոն վտարվել են իրենց բնակավայրերից։

2016թ․ ի վեր ամենալուրջ ռազմական էսկալացիան սկսվել է սեպտեմբերից՝ հանգեցնելով մի շարք զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում։ Ռմբակոծությունների ընթացքում մեծապես վնասվել է նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։

Թուրքիայի և Ռուսաստանի ներգրավումն այս հակամարտության մեջ մտահոգիչ է։ Մասնավորապես, Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, այդ թվում՝ տրամադրելով զինյալներ և ռազմական տեխնիկա։ Մտահոգիչ է նաև այն, որ Ադրբդեջանը նախկինում սպառնացել է ռմբակոծել Հայաստանի ատոմակայանը, ինչը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների ողջ կովկասյան տարածաշրջանի համար։

Միավորված ազգերի կազմակերպությունը և Եվրոպական միությունը երկուստեք հորդորում են կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել խաղաղ բանակցություններ։ Ռուսաստանն իր հերթին կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի/Թուրքիայի միջև։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ևս հորդորում է դադարեցնել արյունահեղությունը և սկսել խաղաղ բանակցություններ՝ հնարավորության դեպքում ԵԱՀԿ աջակցությամբ։ Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդն իր աջակցությունն է հայտնում հրադադար հաստատելու և խաղաղ բանակցություններ սկսելու վերոնշյալ միջազգային կոչերին։ Մենք նաև դատապարտում ենք մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը»,- ասված է հայտարարության մեջ:

--0--ԿԿ