Արմեն Կնյազյանը հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» կոչմամբ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12,  24News 

Արցախ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ հետմահու «Արցախի հերոս» կոչմամբ պարգևատրել է Արմեն Կնյազյանին:

«Իսպանիայում հաստատված և գործարար կյանքում շոշափելի հաջողությունների հասած Արմեն Կնյազյանի մասին մի անգամ արդեն խոսելու առիթ եմ ունեցել: Ամիսներ առաջ էինք հանդիպել, զրուցել, ծրագրեր նախանշել: Իսկ պատերազմից օրեր առաջ Հայրենիքում էր. Արցախն այլևս սպասում էր նրա ստեղծարար ջանքերին ու ներդրումներին...

Արմենի հետ ծանոթացել էի 2016թ-ի քառօրյա պատերազմի օրերին: Ժպիտով պատմում էր, որ պայքարի լուրն առել է կնոջ ծննդյան օրը և, շնորհավորելու փոխարեն, ինքնաթիռի տոմս գնել` շտապելով պաշտպանել հող հայրենին: Արմենն այս անգամ էլ նույն կերպ վարվեց. Արցախից վերադառնալուց ժամեր անց նա կրկին հայրենի հողում էր` իր բաժին Հայրենիքը պաշտպանելու նպատակով: Հերոս հայորդու անմնացորդ պայքարը, ցավոք, ընդհատվեց թշնամու դավադիր գնդակից...

Արմե՛ն, իմ սիրելի՛ ընկեր, դու քո պայքարով, Հայրենիքն իրավամբ սիրելու քո օրինակով խորհրդանիշ դարձար: Դու հայի այն տեսակն ես, որ մինչև վերջ արմատներին հավատարիմ մնաց, չկտրվեց, չչորացավ, հավերժացավ...

Հայրենիքն իր քաջազուն զավակների սխրանքը գնահատել գիտի: Արմեն Արտավազդի Կնյազյանը պարգևատրվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ:

Հոգիդ լույսերի մեջ լինի, ընկե՛ր: Կիսում եմ ընտանիքիդ ու հարազատներիդ կորստի ցավը»,- գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

 Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ