Այսպիսի դաժանություն ես չեմ տեսել անգամ Չեչնիայում. Շուշիում վիրավորված ռուս լրագրող

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Կոտենոկ1

Շուշիում Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծումից տուժած ռուս լրագրող Յուրի Կոտենոկը КП-ի հետ զրույցում պատմել է իր առողջական վիճակի և զգացողությունների մասին: Հարցազրույցի ժամանակ լրագրողը նրան է հանձնել «նվերը», որ փոխանցել էր նրան վիրահատող բժիշկներից մեկը: Կոտենոկը ստացել է իր ոտքից դուրս բերված բեկորը: 

«Մենք չենք վերցրել ոչ զրահաբաճկոն, ոչ սաղավարտ, որոշել էինք, որ մեզ Ստեփանակերտում կտան պաշտպանիչ միջոցներ: Բայց ճանապարհին մենք իմացանք, որ հարվածել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն, ու շեղվեցինք: Ես լուսանկարում էի, հեռախոսիս ռեժիմը փոխել էի, սակայն միևնույն է՝ մեզ կարողացան տեղորոշել: Մոտ 20 րոպե մենք այնտեղ էինք»,- պատմել է նա:

Հարցին՝ հիշո՞ւմ է այդ պահը, Կոտենոկը ասել է, որ արդեն կարծում էր՝ սպանվել է: 

«Փորձեցի աղոթել, ուշքի եկա, սկսեցի ոտքի կանգնել: Ինձ հետ էլի լրագրող կար՝ Լևոն Արզանովը: Ես նրան կանչեցի, շուրջբոլորս փոշու ամպ էր: Ներս վազեցին մարդիկ, սկսեցին ինձ դուրս բերել: Մեքենայով ինձ տեղափոխում էր սարկավագը. նա աղոթում էր ինձ համար: Հետո ես ոչինչ չեմ հիշում. արթնացա արդեն այստեղ: Փոքրիկ բեկոր է հայտնվել նույնիսկ սրտիս մեջ: Բայց բժիշկներն ինձ ասացին՝ կապրեմ: Վիճակս նորմալ է: Իմ նկատմամբ վերաբերմունքն ուղղակի հրաշալի»,- ասել է նա:

Կոտենոկը կարծում է՝ ադրբեջանցիները դիտավորյալ սպասում են՝ մարդիկ հավաքվեն եկեղեցում, որ հարվածեն:

«Այսպիսի դաժանություն ես չեմ տեսել անգամ Չեչնիայում»,- նշել է լրագրողը՝ Արցախում աշխատող գործընկերներին խնդրելով, որ զգույշ լինեն, թիրախ չդառնան:

--00--ԱԹ