ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի մասին պարտավորվածությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter-յան միկրոբլոգում կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարի պայմանավորվածությանը։

«ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի մասին ստանձնած պարտավորվածությունը և դադարել թիրախավորել քաղաքացիական տարածքները, ինչպիսին են Գյանջան և Ստեփանակերտը։ Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար և հավատարիմ ենք խաղաղ լուծմանը», - գրել է Պոմպեոն։

Հիշեցնենք, որ Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 10 ժամ տևած բանակցությունից հետո՝ հոկտեմբերի 10-ի գիշերը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը: Ըստ այդմ՝

  1. Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:
  2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:
  3. Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի (субстантивный) բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով:
  4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։

Անտեսելով հոկտեմբերի 10-ի՝ ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը՝ ադրբեջանական ստորաբաժանումները նույն օրը՝ ժամը 12:05-ին գրոհ էին ձեռնարկել: Մարտերը շարունակվում են:

--00—ԼՄ