Մինսկի խումբը կոչ է անում ներդնել հրադադարի պահպանման մոնիթորինգի մեխանիզմներ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ԵԱՀԿ ՄԽ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարման ուղղությամբ:

Համանախագահները` Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ.

«Համանախագահները տագնապով են արձանագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող բռնությունը:

Համանախագահները կոչ են անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարման ուղղությամբ` տարածաշրջանի համար աղետալի հետևանքները կանխելու համար:

Համանախագահները կրկին հայտարարում են, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անթույլատրելի են ցանկացած պարագայում:

Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ կյանքի կոչել հումանիտար հրադադարը` ապահովելու համար զոհվածների մարմինների վերադարձը, ռազմագերիների ու անազատության մեջ գտնվող անձանց փոխանակումը, նաև կոչ են անում անհապաղ  համաձայնեցնել հրադադարի պահպանման մոնիթորինգի մեխանիզմները:

Հաղորդվում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներից հետո համանախագահները կողմերի հետ աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի առարկայական հարցերի շուրջ՝ բանակցային լուծման հասնելու նպատակով»:

--00--ԱԹ