Հակառուսական տրամադրություններ տարածողները հատուկ և դավադիր ծրագիր են իրականացնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն անընդունելի է համարում միջազգային տարբեր կազմակերպությունների ու պետությունների արձագանքն Արցախում կատարվող ռազմական գործողություններին: 24News-ի հետ զրույցում հստակեցրեց՝ դրանք հեզաճկուն, ոչինչ չասող, անհասցե ու քայլերի հաջորդականություն չենթադրող հայտարարություններ են հիմնականում: Զգուշացնում է՝ եթե աշխարհը չհասկանա, որ Թուրքիան ու Ադրբջանը տեռորիտներ են, ապա մի օր այդ ուղտն իր դռանն է չոքելու:

«Բողոքս ու կռիվս միջազգային հանրության հետ է, րոպե առաջ պետք է հակաահաբեկչական կոալիցիա կազմել: Լռությամբ Եվրոպան թքում է իր իսկ հեղինակած մարդասիրական բոլոր արժեքների վրա: Հուզիչ ու լալահառաչ տեքստերից միջազգային բոլոր կազմակերպությունները գործի պետք է անցնեն, վաղը կարող է ուշ լինել»,- ընդգծում է ԲՀԿ-ական պատգամավորը:

Ինչ վերաբերում է Արցախում ընթացող ռազմական գործողություններին Ռուսասաստանի մասնակցության-չմասնակցության հարցին ու դիտարկումներին, թե ՌԴ-ն այս պահին որևէ բանի չի միջամտում կամ չի ուզում խառնվել, Նաիրա Զոհրաբյանն արձանագրում է. «ՌԴ-ն այս պահին անում է իրենից կախված ամեն հնարավոր բան: Ցավում եմ, որ ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ հրահրողներ կան, ու չգնահատել մեր դաշնակցի դերն այս իրավիճակում, ուղղակի անթույլատրելի է: Ցավով եմ ասում, բայց հակառուսական տրամադրություններ տարածողներն, ասես, հատուկ ու դավադիր ծրագիր են իրականացնում»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ