Հրադադարը մնում է փխրուն և անկայուն․ նախագահը Էմոմալի Ռահմոնին ներկայացրել է ԼՂ իրավիճակը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13,  24News

կոլաժ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմոմալի Ռահմոնին՝ Տաջիկստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը Էմոմալի Ռահմոնին տեղեկացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հետ կապված վերջին զարգացումների մասին.

«Ինչպես գիտեք, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հորդորից հետո, Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների խորհրդակցությունների արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն՝ 2020 թվականի հոկտեմբերի 10-ից հումանիտար նպատակներով հրադադարի հաստատման մասին: Այդուհանդերձ, հրադադարը մնում է փխրուն և անկայուն: Խախտելով իր ստանձնած պարտավորությունները՝ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողություններ իրականացնել առաջնագծի տարբեր հատվածներում: Հուսով ենք, որ ադրբեջանական կողմը հավատարիմ կմնա հրադադարի ռեժիմի պահպանմանը և առաջիկա օրերին ղարաբաղյան հակամարտության գոտում արյունահեղությունը կդադարեցվի»:

 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ