Թրամփի վարչակազմը պետք է ասի Ադրբեջանին, որ չի հանդուրժի հակամարտությանը ռազմական լուծում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

բայդեն
«Ամերիկայի Ձայնը» գրում է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որում ասվում է. «Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ հոկտեմբերի 10-ի հրադադարի ռեժիմի խախտմամբ և մարտերի վերսկսմամբ: Անօդաչու թռչող սարքերը, ականանետերը և հեռահար հրետանին հարյուրավոր կյանքեր են խլում շփման գծի երկու կողմերում՝ տեղահանելով հազարավոր խաղաղ բնակիչների»:

Ըստ աղբյուրի՝ վերջին լարվածության ընթացքում Թրամփի վարչակազմը հիմնականում անհասկանալիորեն պասիվ էր և չներգրավված: Սեպտեմբերի 27-ին՝ ռազմական գործողությունների բռնկումից ի վեր, ո՛չ նախագահ Թրամփը, ո՛չ պետքարտուղար Պոմպեոն ոչ մի անգամ չեն զանգահարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, անգամ երբ տարածաշրջանում բռնկում է: Դիվանագիտությունը Մոսկվային լիազորելու փոխարեն վարչակազմը պետք է առավելագույն ներգրավվածություն ունենա ամենաբարձր մակարդակներում՝ աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ մարտերը դեէսկալացնելու և երկու կողմերին բանակցությունների վերադարձնելու համար:

Աղբյուրը նաև գրում է, որ Թրամփի վարչակազմը պետք է ասի Ադրբեջանին, որ չի հանդուրժի հակամարտությանը ռազմական լուծում պարտադրելու՝ վերջինիս ջանքերը: Հայաստանին պետք է հասկանալի լինի, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող շրջանները չեն կարող անվերջ օկուպացված լինել, և որ հրադադարի կնքումից անմիջապես հետո պետք է սկսվեն հուսալի բանակցությունները հակամարտության տևական լուծման շուրջ: Վերջապես, պետք է դադարեցնի փաղաքշել Անկարային և ինչպես Թուրքիային, այնպես էլ Իրանին ասի, որ հեռու մնան այս հակամարտությունից: Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքի տրամադրումը և ռազմական լուծումը խրախուսող ռազմատենչ հռետորաբանությունն անպատասխանատու են: Դիվանագիտական հանգուցալուծման հասնելը դյուրին չի լինի, բայց Թրամփի վարչակազմը պարտավոր է փորձել: Դա պետք է անի շտապ, նախքան ավելի շատ կյանքեր կորցնելն ու հակամարտության ընդլայնումը»:

--00—ԼՄ