Վճռաբեկում պայքարը թեժանում է. նախարարի թեկնածուն ընդդեմ հայտնի դատախազի դստեր․«Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

․

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնի համար պայքարը թեժանում է. արդեն առաջ են քաշվում կոնկրետ դատավորների անուններ, որոնք էլ կռիվ են տալու Վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲԴԽ անդամների եւ, առհասարակ, դատավորների զգալի մասի նախընտրած թեկնածուն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն է: Վերջինս նախկին դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է, որը հանդիսացել է 2008 թվականի «Մարտի 1»-ի մի շարք գործերով մեղադրող դատախազը, եւ դատական համակարգը ամեն ինչ անում է, որ ԲԴԽ-ն անցկացնի Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը:

Սակայն դատական համակարգից մեզ հասած լուրերի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարն էլ իր մտերիմ անձին է ցանկանում անցկացնել եւ նշանակել Վճռաբեկ դատարանի նախագահ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ ցանկանում է այդ պաշտոնում տեսնել ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Գոռ Հակոբյանին:

Սակայն դատական համակարգում խոսակցություններ կան՝ չի բացառվում, որ, վերոնշյալ դատավորներից բացի, այլ դատավորներ եւս առաջադրվեն Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: Սակայն բոլոր թեկնածուներին դեռեւս մեծ փորձություն է սպասվում ՀՀ Ազգային ժողովում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ