Հողերը ծախելու մասին լուրեր տարածած ՊԲ ծառայողը կալանավորվել է․ ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

իրավական

«Նիկոլը հողերը ծախել է, սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»․ այս կեղծ լուրերը տարածած ՊԲ N զորամասի կապի դասակի հրամանատարի տեղակալ Ն․ Մ․-ին մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար, որը կատարել է ռազմական դրության, պատերազմի կամ մարտի ժամանակ (ՀՀ քրեական օրնեսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մաս)։ 

Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։ 

Ն․ Մ․ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում ՊԲ N զորամասի գումարտակի կապի դասակի հրամանատարի տեղակալ Ն. Մ.-ն, ծառայություն իրականացնելով զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում, նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ և ստահոդ լուրեր է տարածել ՀՀ իշխանությունների կողմից իբրև հողերը հանձնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում և իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է. «Հիշատակված գործողությունների արդյունքում էականորեն խաթարվել է իրենց մարտական խնդիրները կատարող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, վերջիններիս մոտ առաջացել է վախի, տագնապի և անպաշտպանվածության զգացողություն, որի արդյունքում մարտական ծառայություն իրականացնող զինծառայողներից ոմանք, տրվելով սադրանքներին, լքել են ծառայության վայրը՝ հրաժարվելով կատարել իրենց զինվորական պարտականությունները»։

--0--ԿԿ