Ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Արցախի Հանրապետությունը. թուրք լրագրող

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News 

․

Թուրք լրագրող և քաղաքական վերլուծաբան Ուզայ Բուլուտը համարում է, որ ժամանակն է՝ աշխարհը ճանաչի Արցախի Հանրապետությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բուլուտը գրել է Modern diplomacy կայքում հրապարակված իր հոդվածում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողություններին:

Թուրք լրագրողը հոդվածը սկսում է սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների պատմական ակնարկով՝ նշելով, որ Ադրբեջանը սկսել է թիրախավորել Արցախի Հանրապետությունում բնակվող հայերին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը:

«Ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը թիրախավորել է ոչ միայն բնակավայրերը, ներառյալ՝ Ստեփանակերտը, այլ նաև հայկական մշակութային ու հոգևոր կոթողները: Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը թիրախավորել է հոգևոր տաճար Ղազանչեցոց եկեղեցին, որը տեղակայված է Շուշիում: Ղազանչեցոցն ամենամեծ հայկական եկեղեցիներից է աշխարհում: Եկեղեցին հրթիռակոծվել է երկու անգամ, որի ընթացքում վիրավորվել են երեք լրագրողներ, որոնք վավերագրում էին առաջին հարվածի հետևանքները»,- գրել է լրագրողը:

Բուլուտը հոդվածում մեջբերում է կատարել այն մասին, որ 1990-ականներին, երբ ադրբեջանցիները գրավել էին Շուշին, նրանք Ղազանչեցոցում էին պահում իրենց զենքերը, արկերը, որոնք հետո լցրեցին Շուշիի տակ գտնվող Ստեփանակերտ քաղաքի վրա: Պատերազմի ավարտից հետո էլ եկեղեցում կային ադրբեջանական զենքերի հետքերն ու մնացորդները, սակայն հայերը կարողացան շատ կարճ ժամանակում վերակառուցել եկեղեցին ու արդեն տարիներ շարունակ այնտեղ բազմաթիվ աղջիկներ և տղաներ են պսակադրվում:

«Ադրբեջանը թիրախավորել է Թուրքիայի անմիջական աջակցությամբ: Թուրքիայի նախագահն ադրբեջանցիներին ասել է. «Թող ձեր «Ղազվա»-ն օրհնվի: Ղազվան իսլամում նշանակում է պայքար կամ հարձակում ոչ մուսուլմանների դեմ` մուսուլամանական տարածքն ընդլայնելու և ոչ մուսուլմաններին մահմեդական դարձնելու նպատակով: Այսպիսով, Էրդողանը բացահայտ հայտարարել է, որ հայկական տարածքի վրա հարձակումները ջիհադ են: Թուրքիան Ադրբեջան է ուղարկել նաև 1000 սիրիացի ջիհադիստների` Արցախի դեմ կռվելու համար»,- նշել է թուրք լրագրողը:

Ուզայ Բուլուտն իր հոդվածում մանրամասն անդրադարձ է կատարել Արցախյան հիմնահարցին, Թուրքիայի ծավալապաշտական և նեոօսմանյան նկրտումներին, ադրբեջանական Սումգայիթ և մի շարք այլ քաղաքներում հայերի զանգվածային ջարդերին, ինչպես նաև շեշտել, որ Արցախում բնակչության ճնշող մեծամասնությունը եղել են հայերը:

«Բռնությունը և ավերածությունները կասեցնելու արդյունավետ միջոցն այն է, որ աշխարհը պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունը, որի պաշտպանության համար բնիկ հայերն ամբողջ պատմության ընթացքում այդքան զոհ են տվել»,- եզրափակել է Բուլուտը:

--00--ԱՀ