Հայերը փակել են եվրոպական միջպետական ավտոմայրուղիները․ աննախադեպ բողոքի ակցիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

աշխարհ

Վաղ առավոտից Եվրոպայի հայությունը նախաձեռնել է աննախադեպ բողոքի ակցիա։ Մեր հայրենակիցները փակ են պահում հետևյալ ուղղությունների միջպետական ավտոմայրուղիները՝ Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ – Բելգիա – Ֆրանսիա, Ֆրանսիա – Իտալիա, Գերմանիա – Դանիա։

Հայությունը պահանջում է Արցախի միջազգային ճանաչումը և թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիայի դատապարտում և դադարեցում։ Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ