ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է ադրբեջանական ագրեսիայից վիրավորված երեկաներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

շարփ

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը և Առողջության և սնուցման ծրագրերի համակարգող Միհրան Հակոբյանը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում այցելել են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին:

Այցի ընթացքում նրանց ողջունել և ուղեկցել են ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը, բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը և բուժանձնակազմը: Այցի ընթացքում Շարփը ծանոթացել և շփվել է Նարեկի, Ռուբենի և Արծվիկի հետ, բոլորը տարբեր տարիքի՝ 2-ից 14: Նարեկը պատմեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին վիրավորում ստանալու հանգամանքները:

​Քանի որ Ռուբենն իր վիրավորումների հետևանքով նոր է վերսկսում խոսել, Շարփը երկար զրուցել է նրա մայրիկի հետ, ով ևս վիրավոր է: Ռուբենի մայրը պատմել է դժբախտության, որդու հետաքրքրությունների, այդ թվում՝ ֆուտբոլի մասին, որին հույս ունի վերադառնալ ապաքինվելուց հետո:

Բուժանձնակազմի խոսքով, փոքրիկ Արծվիկն այս օրերի ընթացքում առաջին անգամ ժպտացել է՝ խաղալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցների կողմից բերված խաղալիքներով:

«Ես և ՄԱԿ-ի ողջ անձնակազմը դատապարտում ենք քաղաքացիների թիրախավորումը և սատարում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ անհապաղ և տևական հրադադարի կոչին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- նշել է Շարփն իր այցի ժամանակ և հավելել, որ յուրաքանչյուր երեխա ունի խաղաղ մանկության հիմնարար իրավունք՝ անկախ իր բնակության վայրից:

Այցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի և ՀՀ Առողջապահության նախարարության սերտ համագործակցության արդյունք էր:

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստ է անհրաժեշտության և կոչի դեպքում տրամադրել մարդասիրական օգնություն նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները կամ տուժել են այլ կերպ:

--00—ԼՄ