«Մենք կանգնած ենք ձեր կողքին»․ Լոս Անջելեսի շերիֆը ողջունել է հայ համայնքի խաղաղ ցույցերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

sherif

Լոս Անջելեսի շրջանի շերիֆի բաժանմունքի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հաղրոդագրություն է հրապարակել, որում համերաշխություն է հայտնում հայերին և հայ համայնքին:

«Լոս Անջելեսի շրջանի Շերիֆի բաժանմունքն ուսումնասիրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ծավալվող բռնությունը, որը թեև տեղի է ունենում Լոս Անջելեսից 7200 մղոն հեռավորության վրա, սակայն այն չափազանց և անմիջական կարևորություն ունի շատերի համար մեր համայնքում: Մենք լսում ենք և հասկանում ենք»,- գրել է շերիֆ Ալեքս Վիլանուևան, ապա հիշեցրել, որ Լոս Անջելեսի շրջանում ավելի շատ հայ է ապրում, քան աշխարհի որևէ այլ վայրում՝ Հայաստանի սահմաններից դուրս:

«Դատապարտում ենք Արցախի բնակչության հանդեպ իրականացվող բռնությունը և հարձակումները: Մենք ողջունում ենք համերաշխության խաղաղ ցույցերն այստեղ՝ Լոս Անջելեսում, և կանգնած ենք ձեր կողքին խաղաղության մեր ընդհանուր պահանջով»,- նշվում է շերիֆի հաղորդագրությունում:

Նշենք, որ արդեն մի քանի օր է Լոս Անջելեսում հայ համայնքը բազմահազարանոց ցույցեր է անում՝ պահանջելով արդար լուսաբանել ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև բողոքի նոտա հղել Ադրբեջանին և Թուրքիային հայերի հանդեպ Արցախում իրականացվող բռնությունների համար։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս