Իրանի սահմանի մոտ խոցվել է 1 ռազմական ինքնաթիռ և 2 ԱԹՍ․ իրանական աղբյուր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

անօդաչու

Իրանական IRNA» գործակալությունը հայտնում է, որ Արաքսի ափամերձ շրջաններում՝ Իրանի հետ սահմանին, խոցվել է 1 ռազմական ինքնաթիռ, 2 անօդաչու թռչող սարք: Ըստ աղբյուրի՝ դեռ պարզ չէ՝ ո՞ւմ են պատկանում այդ օբյեկտները՝ Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին:

Գործակալությունը նաև հիշեցնում է, որ կատաղի մարտեր են տեղի ունեցել Իրանի հետ սահմանի մոտ:

Արցախի ՊԲ-ն ավելի վաղ հայտնել էր, որ չի կիրառում ավիացիա ու անօդաչու թռչող սարքեր, ինչից կարելի է ենթադրել, որ խոցված զինտեխնիկան ադրբեջանական է:

Հիշեցնենք, որ լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին, հայտնում են ՊԲ-ից: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո է:

--00—ԼՄ