Նունե Սարգսյանը, Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը դիմել են ՅՈւՆԻՍԵՖ-ի տնօրենին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Յունիսեֆ

ՅՈւՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան հայ հայտնիները դիմել են կազմակերպության գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին: 

«Ինչպես ձեզ հայտնի է, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ և մասնակցությամբ լայնամասշտաբ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ և շարունակում է էսկալացիան մինչ օրս: Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երի հատուկ հաղորդագրությունները փաստում են, որ ռազմական ավիացիայի լայնամասշտաբ կիրառմամբ թիրախ են դարձել քաղաքացիական անձինք, հիվանդանոցներ, դպրոցներ, եկեղեցիներ և այլ կենսական նշանակության կառույցներ: Օգտագործվել են զինատեսակներ, որ արգելված են բոլոր միջազգային կոնվենցիաներով: Խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման հետևանքով բազմաթիվ զոհեր ու վիրավորներ կան, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: Այսօր Արցախում հումանիտար ճգնաժամի սպառնալիք կա:

Այստեղ կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները, Ժնևյան կոնվենցիաներն ու միջազգային մարդասիրական իրավունքը: Սա պարզապես հայերի վրա հարձակում չէ, այլ հարձակում է մարդկության հիմնարար իրավունքների վրա, այն ամենի, ինչին սատարում է ՄԱԿ-ը: Ցավոք, սա տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ:

Երեխաները դաժան արյունահեղության զոհ են դառնում, հոգեբանական տրավմաների և տառապանքների են ենթարկվում և օգնության կարիք ունեն՝ անկախ նրանից, թե որ երկրում են: Արցախի երեխաները էկզիստենցիալ սպառնալիքի տակ են, սակայն ինչպես աշխարհի մնացած երեխաները, ապրելու և պաշտպանված լինելու իրավունք ունեն: Բոլոր նրանք՝ 15-ամյա Ռոբերտը, որ կոմայի մեջ է, 2-ամյա Արծվիկը, որ շարունակում է պայքարել ապրելու համար, նրա 9-ամյա քույրը, որ զոհվել է և շատ ուրիշներ...

Իբրև ՅՈւՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպաններ՝ մենք կոչ ենք անում ՅՈւՆԻՍԵՖ-ի ղեկավարությանը, ՄԱԿ-ի քույր հաստատություններին և մեր գործընկեր Բարի կամքի դեսպաններին՝ օգնության ձեռք մեկնել և միջոցներ ձեռնարկել՝ հետագա արյունահեղությունը կանխելու համար: Մտահոգության արտահայտումը և խաղաղության կոչերն անհրաժեշտ արդյունքին չեն հանգեցրել: 

Եկեք մեր լռությամբ թույլ չտանք խեղդել երեխաների ճիչերը»

Ուղերձին միացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին, ՅՈւՆԻՍԵՖ-ում Երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան Նունե Սարգսյանը, Բարի կամքի դեսպաններ Ալլա Լևոնյանը, Մարիա Գուլեգինան, Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը:

--00--ԱԹ