ԼՂ-ում 26 տարվա ընթացքում քիչ թե շատ մեծ պատերազմներ չեն եղել․ դա ևս ՌԴ-ի վաստակն է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականին.

- Սկսենք հումանիտար զինադադարից: Ավելի քան մեկ շաբաթ է անցել Մոսկվայի բանակցություններից: Կարո՞ղ ենք ասել, որ այդ նախաձեռնությունը ձախողվել է:

Արմեն Սարգսյան - Նախաձեռնությունը, որի շուրջ համաձայնեցում էր եղել արտաքին գործերի նախարարների (Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի՝ Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի - «Կոմերսանտ») միջև, շատ կարևոր է: Ցավոք, ադրբեջանական կողմը հրադադարի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո `շաբաթ օրվա կեսօրին, սկսեց ռմբակոծել Ստեփանակերտը: Այս իմաստով, ցավոք, մարդասիրական հրադադար չկա, և Արցախի Հանրապետության մայրաքաղաքը, գյուղերը, քաղաքները շարունակվում են ռմբակոծվել։

Բայց ես դա ձախողում չէի անվանի այն իմաստով, որ կան պայմանավորվածություններ և փաստաթուղթ, որը հնարավոր է կիրառել (եթե լինի կողմերի ցանկությունը) և պայմանավորվել հրադադարի մասին, ասենք, վաղը կեսօրից սկսած: Փաստաթուղթն ինքնին արժեքավոր է: Եվ դրա համար ես կցանկանայի շնորհակալություն հայտնել արտաքին գործերի նախարար Լավրովին և, իհարկե, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին: Գիտեմ, որ Ռուսաստանի նախագահը նույնպես մասնակցել է բանակցություններին՝ «հեռակա կարգով» հեռախոսազանգերի միջոցով:

- Լիովին գո՞հ եք Ռուսաստանի դերից, թե՞ նա կարող էր ավելին անել: Օրինակ՝ ռազմական մասով:

Արմեն Սարգսյան -  Ռուսաստանն արդեն իսկ շատ բան է անում, քանի որ այս տարիների ընթացքում եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, ի դեպ, ակտիվ համանախագահը: Այն փաստը, որ 26 տարիների ընթացքում քիչ թե շատ մեծ պատերազմներ չեն եղել, նույնպես Ռուսաստանի Դաշնության վաստակն է։ 26 տարի շարունակ մարդիկ խաղաղ կառուցել են իրենց կյանքը և երազել, որ հարցը կլուծվի բանակցությունների միջոցով, որ կգա մի օր, երբ կողմերը կհամաձայնեցնեն Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը, և կսկսվի երկու կողմերի հարաբերությունների կարգավորման գործընթացը: Բանակցություններն ուղղված են ոչ միայն ընդհանուր լուծում գտնելուն: Այդ գործընթացն ինքնին շատ կարևոր է և վստահության ձևավորման ուղին է:

Ղարաբաղյան խնդրի լուծման գործում խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա: Ենթադրենք՝ նույնիսկ եթե Ադրբեջանին հաջողվի պատերազմի ինչ-որ պահին հաջողություն ունենալ կամ տարածքներ գրավել, միևնույն է, այդքանով այս ամենը չի ավարտվի: Մտքերի պատերազմը, պատմությունների պատերազմը, մարդկային հույզերի պատերազմը կշարունակվեն: Հայաստանում մարդիկ կմտածեն, որ սա հերթական ցեղասպանությունն է: Պատերազմը չի ավարտվի: Այսպիսով, կա միայն մեկ ճանապարհ, երբ բոլոր կողմերը պայմանավորվեն, թե ինչպես շարունակել ապրել: 

- Սակայն Մինսկի խումբը գոյություն ունի 1992 թվականից, բայց առաջխաղացումներ չկան: Միգուցե ինչ-որ կերպ պետք է բարեփոխե՞լ ձևաչափը:

Արմեն Սարգսյան -  Չեմ համաձայնի ձեզ հետ: Նախ, սա «ամենաբարձր» ձևաչափերից մեկն է՝ ԵԱՀԿ-ի և համանախագահներ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի, ի դեմս Ֆրանսիայի ներգրավմամբ: Որտե՞ղ կարող եք ավելի լավ տարբերակ գտնել: Երկրորդ, Մինսկի խումբը շատ բան է արել: Կան հարյուրավոր փոքր և միջին խնդիրներ: Այնպես որ, այս բոլոր տարիների ընթացքում Մինսկի գործընթացի մասնակիցներն աշխատում էին կողմերի միջև վստահություն ձևավորելու ուղղությամբ, ինչի մասին արդեն նշել եմ։ Քայլեր արվել էին, որոնք ցույց էին տվել, որ վստահությունն աճում է: Օրինակ՝ կազմակերպվում էին այցելություններ՝ Հայաստանից մի խումբ մտավորականներ և լրագրողներ այցելեցին Բաքու և հակառակը՝ մտավորականներ ու լրագրողներ Ադրբեջանից եկան Հայաստան, իսկ հետո բոլորը միասին գնացին Ղարաբաղ: Այսինքն՝ մինչև սեպտեմբերի 27-ը շատ հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք էին բերվել: Մնացել էին մի քանի սկզբունքային մեծ հարցեր, որոնք միշտ էլ քաղաքական փոխզիջման մաս են կազմում: Այնպես որ, ասել, թե Մինսկի գործընթացը ոչինչ չի տվել՝ մեծ սխալ է:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ