Ի՞նչ է անում ՆԱՏՕ-ի անդամ երկիրը Ադրբեջանում, և ինչու՞ է կռվում Ղարաբաղում․ նախագահ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականին.

Հարց- Եվս մեկ հարց՝ Թուրքիային վերաբերող: Այս սրացման աղմկահարույց դրվագներից մեկը՝ հայկական Սու-25-ի խոցումն է: Երևանը հայտարարեց, որ ինքնաթիռը խփել է թուրքական F-16 կործանիչը: Բայց մինչ օրս դրա վերաբերյալ ոչ մի ապացույց չի ներկայացվել, օրինակ՝ հրթիռների բեկորներ: Ինչո՞ւ։

- Ինչու ապացույցներ չեն ներկայացվել ... Դա չի արվում լրագրողական կամ հասարակական մակարդակում: Հատկանշական է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Իսկ ի՞նչ է անում ՆԱՏՕ-ի անդամ երկիրը Ադրբեջանում, և ինչու՞ է կռվում Ղարաբաղում: Հարց՝ ՆԱՏՕ-ն Թուրքիային կանաչ լույս տվե՞լ է դրա համար: ՆԱՏՕ-ի կանոնադրությունը թույլ տալի՞ս է դաշինքի անդամներին՝ օգտագործել դաշինքին պատկանող կամ երրորդ երկրներում ՆԱՏՕ-ի օժանդակությամբ ստեղծված զենքեր և տեխնոլոգիաներ, ներգրավել ՆԱՏՕ-ի շրջանակում վերապատրաստված մարդկանց։

Եթե խոսում ենք F-16-ի մասին, ապա առաջին փաստաթղթերը պետք է ներկայացվեն ՆԱՏՕ: Մենք պետք է պարզաբանում ստանանք, թե արդյո՞ք դաշինքի ղեկավարությունը Թուրքիային կանաչ լույս ցույց տվել է, որ նա անի այն, ինչ հիմա է անում: Խոսքը միայն F-16- ի մասին չէ: Թուրքական արտադրության ՝ Bayraktar ԱԹՍ-ները, ամեն օր ինտենսիվորեն օգտագործվում են ոչ միայն ռազմաճակատում, այլ նաև խաղաղ բնակիչների դեմ: Այդ ԱԹՍ-ները ՆԱՏՕ-ի արտադրանք են, քանի որ դրանց առանձին բաղադրիչները ստեղծվել են ՆԱՏՕ-ի տարբեր երկրներում ՝ Ավստրիայից մինչ Կանադա:

Հարց- Այդ դեպքում, հիմա Երևանի և ՆԱՏՕ-ի կառույցների միջև կա՞ն որոշակի շփումներ։ Այս հարցերն ուղղե՞լ եք Բրյուսելին։

- Որպես նախագահ՝ ես նման հարցադրում եմ անում, երբ հարցազրույց եմ տալիս ձեզ կամ, ենթադրենք, CNN-ին։ Այսինքն, ես նման հարցադրումներ անում եմ ոչ թե գաղտնի, այլ հրապարակայնորեն։ Այս հարցերը, բնականաբար, տալիս են ԱԳՆ-ն և պաշտպանության նախարարությունը։ Հայաստանը շատ երկրների նման գործընկերային հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ։ Այդ մակարդակով հարցադրումներ են արվում։ Ես գործում եմ հանրային քաղաքականության գործիքների օգնությամբ։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ