Կարծո՞ւմ եք, երբ այս ամենն ավարտվի, ահաբեկիչները կհավաքեն ճամպրուկներն ու կհեռանան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News 

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականին.

Հարց- Տարածաշրջանային մեկ այլ խաղացող է Իրանը։ Օրերս այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Թեհրանը չի հանդուրժի ղարաբաղյան հակամարտության գոտուց նոր հարվածներն իր տարածքին։ Այս միջադեպերի առնչությամբ խորհրդատվություններ վարվո՞ւմ են իրանական կողմի հետ։ Եվ առհասարակ, ինչպիսի՞ դերակատարում կարող է ունենալ Իրանը խաղաղարար ջանքերում։

- Մենք վերադառնում են խաղաղապահների ու բանակցային գործընթացի վերաբերյալ Ձեր հարցին։ Ես հստակ ասացի, որ հաշտության և բանակցությունների տանող ճանապարհը հայտնի է, այլ ճանապարհներ հորինելու անհրաժեշտություն չկա, պետք չի ասել, թե՝ «թող Թուրքիան այստեղ մտնի»։ Եթե Թուրքիան մտնի, ամեն բան կկործանվի։ Եվ Իրանին նույնպես ոչ ոք չի հրավիրում դառնալ Մինսկի խմբի անդամ։ Սակայն այս ամենը տեղի է ունենում Իրանի հետ սահմանին, և բնական է, որ նրանք լուրջ մտահոգվելու առիթ ունեն։ Իսկ թե’ Իրանի, թե’ Ռուսաստանի, թե’ Կենտրոնական Ասիայի և թե’ Հայաստանի համար ամենատհաճն իսլամիստ ահաբեկիչների ներկայությունն է։ Ահաբեկիչները, որոնք գործողություններ էին իրականացրել Սիրիայում, քոչում են՝ նրանց ինչ-որ կերպ ինքնաթիռով ՍԻրիայից փոխադրեցին Լիբիա, իսկ հետո արդեն՝ Ադրբեջան։ Գուցե կա ինչ-որ զբոսաշրջային գործակալություն, որը զբաղվում է դրանով։ Չգիտեմ, թե այդ գործակալությունն ինչպես է կոչվում, սակայն այն ակնհայտ թուրքական է։ Եվ ամենուր, որտեղ այդ ահաբեկիչներին փոխադրում են, ծագում է անկայունության մեծ-մեծ օջախ։ Այսքանից հետո կարծում եք՝ Իրանին հաճելի կլինի՞ իր հյուսիսում տեսնել ահաբեկիչների։ Իսկ Ռուսաստանին հաճելի կլինի՞ տեսնել այդ ահաբեկիչներին, որոնք այդտեղ են մնալու։ Թե՞ կարծում եք, որ երբ այս ամենն ավարտվի, նրանք պարզապես կհավաքեն ճամպրուկներն ու ինչ-որ տեղ կհեռանան։ Իսկ գուցե մնան ու անկայունություն առաջացնելու մեկ ա՞յլ հանձնարարություն ստանան։ Այնպես որ, Իրանի զգուշավորությունը ճիշտ է և օբյեկտիվ։ Թեհրանը կարող է իր դերակատարումն ունենալ, եթե բոլոր հնարավոր միջոցներով խոսի թուրքական և ադրբեջանական կողմերի հետ, որպեսզի նրանք դադարեցնեն ռազմական գործողություններն ու բռնեն խաղաղ բանակցությունների ճանապարհը։ 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ