Եթե Ադրբեջանը չգնա բանակցությունների Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News

Արցախ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականին.

Հարց- Վաղուց քննարկվում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու հնարավորությունը։ Ո՞ր դեպքում կարող է դա լինել։

- Սա հեշտ և, միաժամանակ, բարդ հարց է։ Խորհրդային Միության վերջին օրերին, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի ժամանակ հայտարարեց ազատ ապրելու ու սեփական կյանքը, պատմությունը, ժառանգությունն ու մշակույթը կառավարելու իր ցանկության մասին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը քվեարկեց դրա (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման) օգտին։ Սակայն հետո գործընթացը կասեցվեց։ Տրամաբանությունը շատ պարզ էր։ 1994 թվականին կնքվեց զինադադար, և սկսվեց Մինսկի գործընթացը։ Հայկական կողմը հայտարարել էր. «Գործընթացը չբարդացնելու նպատակով մենք կասեցնում են Լեռնային Ղարաբաղի ճանաչումը, կխոսենք և, արդյունքում, կպայմանավորվենք Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ»։ Այսինքն, Հայաստանի կողմից անկախությունը չճանաչելը կապված է միայն այն բանի հետ, որ հայկական կողմը ցանկանում է հարցը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Սա նման է թունելի, և եթե դրա վերջում կա լույս՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական խաղաղ կարգավորման լույսը, ապա կարելի է մի փոքր էլ սպասել։ Իսկ եթե լույս չկա (այսինքն, եթե պարզ լինի, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ոչ մի դեպքում չի գնա բանակցությունների), ապա, բնականաբար, Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը։

Հարց- Այսինքն, դեռևս լույս կա՞։

-Ես պատրաստ եմ ինձնից հասանելիք ամեն բան անել, որպեսզի սկսվի հաշտության գործընթացը։ Համաձայնությունները, որոնց հասել էին Մոսկվայում, կարող են աշխատել, եթե երկու կողմերն էլ դա ցանկանան։ Կարիք չկա ապացուցելու, որ հայկական կողմը պատրաստ է գնալ այդ ճանապարհով։ Իսկ եթե ադրբեջանական կողմը հայտարարի, որ պատրաստ են հրադադարի և բանակցությունները շարունակելու, այդ դեպքում հույս կլինի։ Ես շատ կուզեի, որպեսզի թունելի վերջում գտնվող լույսը չհանգչի։ Հակառակ դեպքում՝ Աստված պահապան բոլորին, քանի որ այս պատերազմը կարող է վերածվել բոլորովին այլ պատերազմի։ Օրինակ, այնպիսի պատերազմի, ինչպիսին Սիրիայում է։ Դա կլինի շատ ավելի ողբերգական ու ծավալուն պատերազմ։

Հարց- Եվ վերջին հարցը․ հաշվի առնելով տեղի ունեցող իրադարձությունները՝ ի՞նչ խոսքերով կդիմեք Ադրբեջանի ժողովրդին, ոչ թե ղեկավարությանը, այլ՝ հասարակ մարդկանց։

- Չեմ սիրում դիմել այլ երկրների քաղաքացիներին, քանի որ ես Հայաստանի Հանրապետության նախագահն եմ և կարող եմ դիմել Հայաստանի քաղաքացիներին, ոչ թե Ռուսաստանի, Ֆրանսիայի կամ Ադրբեջանի։ Դրա համար այդ երկրներն իրենց նախագահներն ունեն։ Ուստի կդիմեմ իմ հայ ժողովրդին։ Ես խորհրդարանական հանրապետության նախագահ եմ և ինչ-որ առումով նաև բոլոր այն հայերի նախագահն եմ, ովքեր ապրում են աշխարհով մեկ։ Եվ ԱՄՆ-ում, և’ Արգենտինայում, և’ Բրազիլիայում, և’ Ֆրանսիայում, և’ Ռուսաստանում նրանք մեծաթիվ են։ Կարող եմ դիմել իմ համերկրացի հայերին և ասել, որ հաղթանակը պետք է մերը լինի։ Քանի որ հաղթանակը կնշանակի շատ պարզ մի բան՝ պաշտպանել սեփական տունը, այլ ոչ թե խլել ուրիշինը։ Մեր պայքարն արդար է։ Սա ազնիվ պայքար է սեփական տունը, մշակույթը, հավատը պաշտպանելու համար։ Պաշտպանելու այն երկիրը, որտեղ բնակվել ենք հազարամյակներ, երբ գոյություն չունեին Ադրբեջանն ու Թուրքիան։ Որպես հայեր՝ մենք պաշտպանում ենք մեր քաղաքակրթությունը։ Սա առաջին։ Երկրորդը, ես կարող եմ իմ քաղաքացիներին ասել, որ պատրաստ եմ անել ամեն բան, որ հնարավորինս շուտ հրադադար հաստատվի։ Ամեն օր մենք լսում ենք ճակատում նոր կորուստների մասին, երիտասարդների մահվան մասին։ Հասկանալի է՝ ոչ միայն հայկական կողմից։ Եվ լսում ենք նաև խաղաղ բնակիչների մահվան մասին, ովքեր, հասկանալի չէ, թե ինչու պետք է տուժեն։ Եվ երրորդը, հաշվի առնելով իմ դիվանագիտական ու քաղաքական փորձառությունը, իմ կապերը, ես պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ, որ խնդիրը լուծվի քաղաքական ճանապարհով։ Մարդկային ճանապարհով, քանի որ պատերազմն անմարդկային բան է, և չկա աշխարհում որևէ բացատրություն պատերազմ մղելու համար։ Հողերի ազատագրում, էթնիկ զտում այս ամենն ավերածություններ առաջացնելու պատճառաբանություններ են։ Ղարաբաղում մարդիկ կռվում են սեփական տունը պաշտպանելով։ Այդ իսկ պատճառով նրանք ուղղակի զինվորներ չեն։ Այդ իսկ պատճառով փոքր Ղարաբաղը հաղթեց առաջին պատերազմում։ Մարդիկ քիչ զենք ունեին, փոքրաթիվ էին, սակայն հաղթեցին։ Ուստի կարծում եմ, որ այս դժվարին պատերազմում Ղարաբաղն ամեն դեպքում կհաղթի՝ մարդիկ կրկին պաշտպանում են իրենց տունը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ